ԵՄ-ն այս հանգույցը և ընդհանրապես Հարավային Կովկասը դիտում է որպես իր հետզհետե աճող, փոխկապակցվածության անհրաժեշտ մաս, փոխկապակցվածություն Կենտրոնական Ասիայի հետ, Արևելքի այլ տարածաշրջանների հետ: Հետևաբար մենք անընդհատ լսում ենք և՛ փակ դռների հետևում հանդիպումների ընթացքում, և՛ հանրային հանդիպումներին հայտարարությունների մակարդակով այդ պատրաստակամության մասին: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին, թե ԵՄ գործընկերների կողմից կա՞ հետաքրքրություն՝ ինչ-որ կերպ մասնակցելու ապաշրջափակման գործընթացին TRIPP-ից դուրս գտնվող հատվածներում:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ Միրզոյանը հայտարարեց. «Այս թեման ոչ միայն շատ հետաքրքիր է ԵՄ-ի մեր գործընկերների համար, այլև նրանք ևս ուզում են իրենց էական մասնակցությունն ունենալ ենթակառուցվածքների շահագործման կամ վերաշահագործման, ապաշրջափակման հարցում, և սա բոլորովին զարմանալի չէ: Մենք միշտ մոռանում ենք այս լույսի ներքո նայել ապաշրջափակումը, և անարդարացիորեն շատ-շատ նեղ ենք անդրադառնում հարցին:
Իրականում և՛ ԵՄ-ն, և՛ աշխարհում շատ-շատերն այս գործընթացին, որը տեղի է ունենում Հարավային Կովկասում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև (նկատի ունեմ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը), շատ ավելի մեծ պրիզմայով են նայում:
Քանիցս տարբեր երկրներ հնարավորություն են ունեցել բարձր մակարդակով ասելու, որ սա մաս է ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցության նոր ենթակառուցվածք ստեղծելու: Այսպիսի պլանով է, որ շատ երկրներ դիտարկում են այդ ապաշրջափակումը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ այդ մասին ասվել է նաև վերջերս տեղի ունեցած «Գլոբալ դարպաս» համաժողովին:



