Հատկապես 44-օրյա պատերազմից հետո ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները շեշտակի ջերմացան, իսկ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին դրանք առավել առարկայական տեսք ստացան։ 2022 թվականի հուլիսին Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր կնքեցին։ Հուշագրի ստորագրման արարողության ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների կարևորության մասին․ «Այսօրվա հուշագիրը յուրատեսակ ճանապարհային քարտեզ է ապագայի համար: Հաշվի առնելով, որ մենք կյանքի ենք կոչել նախկինում ծրագրված բոլոր նախագծերը՝ վստահ եմ, որ մենք մեծ ձեռքբերումներ կունենանք: Իհարկե, մեր օրակարգը շատ լայն է: Մենք աշխատում ենք Եվրամիություն-Ադրբեջան նոր համաձայնագրի շուրջ: Ես հույս ունեմ, որ այդ բանակցությունները կարող ենք ավարտել առաջիկա ամիսներին: Անկասկած, սա մեծ ներդրում կլիներ մեր երկկողմ համագործակցության մեջ»,-ասել էր նա։
Այս հուշագրի ստորագրումը չխանգարեց Հայաստանում Արևմուտքի գործակալների հանրությանը համոզել, թե Արևմուտքը և մասնավորավպես Եվրոպական միությունը կարևորում են մարդու իրավունքները, և այս տեսանկյունից թույլ չեն տա Արցախում այնպիսի սցենարների զարգացում, որոնք կբերեն էթնիկ զտման և նոր ռազմական ագրեսիայի։
Եզակի ողջախոհ վերլուծաբաններ ու գործիչներ կային, ովքեր փորձում էին բացել հայ հանրության աչքերը, ցույց տալ, որ աշխարհի ցանկացած երկիր և աշխարհաքաղաքական կենտրոն առաջին հերթին առաջնորդվում է իր շահերով, և հատկապես այս խառնակ ժամանեկներում, երբ խնդիր է դրված հնարավոր բոլոր ուղղություններով խնդիրներ ստեղծել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համար, «մարդու իրավունքներ», «ցեղասպանությունների կանխարգելում», «միջազգային իրավունք» ասվածները դարձել են ձևականություն, ու գերտերությունները դա մի կողմ են դրել, եթե խոսքն իրենց շահերի մասին է։
Մեկ տարի անց ԵՄ-Ադրբեջան գազային հուշագիրը տվեց իր «արդյունքները»․ Հայաստանը՝ հավաքական Արևմուտքի քավորությամբ,
Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, իսկ երբ դրա հետ չհամաձայնվեցին Արցախի մեր հայրենակիցները, այդ նույն Արևմուտքի քավորությամբ տեղի ունեցավ էթնիկ զտում, և հայկական Արցախն ամբողջովին հայաթափվեց։
Անցան ամիսներ, և հիմա էլ Հայաստանի արևմտամետները սկսկեցին հայտարարել, թե այժմ Արևմուտքի համար կարմիր գիծ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և Ալիևին ստիպելու են դուրս գալ օկուպացված տարածքներից։
Այս պնդումներին ի պատասխան՝ Արևմուտքը համոզեց/ստիպեց Հայաստանի իշխանություններին տարածքներ հանձնել Տավուշի մարզից, իսկ փոխարենը Հայաստանը ստացավ միայն դատարկ գովեստի խոսքեր այդ նույն Արևմուտքից ու իր սատելիտներից։
Հիմա Արևմուտքը Հայաստանի հանրությանը զբաղեցնում է վիզաների ազատականացմամբ։ Հայաստանում ոգևորված են սրանով, չնայած չի ասվում, թե երբ այն կազատականացվի, իսկ ազատականացվելու դեպքում՝ ինչ է տալու միջին վիճակագարկան Հայաստանցուն, ով ԵՄ գնալու անգամ փող չունի, եթե անգամ ընդհանրապես հանվի վիզային ռեժիմը։
Հայաստանի համար վիզաների ազատականացման ֆոնին Ադրբեջանի հետ ԵՄ-ն գործնական հարցեր է քննարկում, որոնց կյանքի կոչելով հնարավորություն են տալիս այդ երկրին զինվել և ապագա հնարավոր պատերազմի դեպքում ծանր հարվածներ հասցնել Հայաստանին։ Այսօր հայտնի դարձավ, որ Եվրամիությունը բանակցություններ է սկսել Ադրբեջանի հետ գազի ներկրումն ավելացնելու շուրջ: Սա նշանակում է՝ տասնյակ միլիարդավոր դոլարների հոսք դեպի Ադրբեջան, որը վերածվելու է զենքի և վարձկանների։ Իսկ թե ում դեմ է Ադրբեջանը գործածելու դա, կարծում ենք՝ ավելորդ է հարցնել․ իհարկե՛, ազատականացված վիզային ռեժիմ ունեցող Հայաստանի։
Բորիս Մուրազի