Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանը․
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
ԱԺ նախագահի հարգելի տեղակալներ,
Հանձնաժողովների հարգելի նախագահներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,
Այսօր սկսում ենք Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումները, և ուզում եմ այդ քննարկումներն սկսել պետական բյուջեի ընկալման մի դիտանկյունից, որը հատվածական հաճախ ենք քննարկել, բայց համակարգված ձևով քննարկելու առիթ երբեք չենք ունեցել:
Եվ այդ քննարկումը մեկնարկելու համար պիտի վկայակոչեմ հայեցակարգային մի քանի կարգախոս-բանաձևեր, որոնք առաջարկել եմ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից առաջ և հետո: Այդ բանաձևերից առաջինը հետևյալն է. «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», երկրորդը հետևյալն է. «Հարստացիր և հարստացրու», երրորդ բանաձևը հետևյալն է. «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու՛ ես», չորրորդ բանաձևը հետևյալն է. «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ», հինգերորդ բանաձևը հետևյալն է. «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց»:
Այս բոլոր բանաձևերը ուզում եմ դնել «Իրական Հայաստանի» հայեցակարգային շրջանակի մեջ և այդ դիտանկյունից մեկնարկել բյուջետային քննարկումները, այն ընկալմամբ, որ ասելիքը վերաբերվում է ոչ միայն 2025 թվականի պետական բյուջեին, այլև «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» հասկացությանն ընդհանրապես:
Եվ ուրեմն՝ ի՞նչ է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեր բոլորիս, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է: Երկրում ընդհանրապես կան տարբեր բյուջեներ. համայնքային, որ ձևավորում են համայնքները, ավագանիների հետ, մասնավոր կազմակերպությունների բյուջեներ, որ լուրջ կազմակերպությունները մանրամասն ձևավորում և քննարկում են ամեն տարի: Կան նաև ընտանեկան բյուջեներ:
Չեմ կարծում, թե Հայաստանում շատ են այն ընտանիքները, որ հաշվարկում, նախապես պլանավորում են իրենց տարեկան եկամուտներն ու անհրաժեշտ ծախսերը, ինչպես նաև անհրաժեշտ ծախսերին չհերիքող մասը, որ կոչվում է դեֆիցիտ:
Բայց եթե մեր ընտանիքներում բյուջետային հաշվարկի փաթեթներ չկան, չի նշանակում, թե ընտանեկան բյուջեներ չկան: Ընտանեկան բյուջեն թուղթ չէ, այլ այն, թե տարվա ընթացքում յուրաքանչյուր ընտանիք որքան եկամուտ է ստանում աշխատանքի և այլ գործողությունների, գործունեության արդյունքում, որքան է ծախսում և ինչ անհրաժեշտ ծախսերի համար նրան միջոցներ չեն հերիքում ու նա ստիպված է մտածել, թե ինչպես լրացնի այդ չհերիքող մասը: Ասենք, օրինակ, պարտք վերցնելո՞վ, որևէ ունեցվածք գրավ դնելով կամ վաճառելո՞վ, թե, ասենք, ավելի շատ աշխատելով:
«Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» հայեցակարգային տրամաբանությամբ, ահա, Հայաստանի Հանրապետության բյուջեն մեր հավաքական ընտանիքի բյուջեն է, որովհետև այն ձևավորվում է մեր բոլորիս, Հայաստանի Հանրապետությունում ապրող և գործունեություն ծավալող քաղաքացիների և պարզապես բնակիչների աշխատանքի ու գործունեության արդյունքում:
Ու չնայած բյուջեի ծավալուն նախագիծը կառավարությունն է գրում, պատրաստում ու բերում Ազգային ժողով, պետական բյուջեի եկամուտները կախված են նրանից, թե մեզնից յուրաքանչյուրը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի և բնակիչ որքան, ինչ արդյունավետությամբ և թափանցիկությամբ է աշխատում:
Սա ամենևին էլ այլաբանություն չէ, այլ ուղիղ իրականություն, որովհետև պետական բյուջեի եկամուտները ձևավորվում են, օրինակ, մեր եկամտային հարկից, որը ձևավորվում է միայն այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության հոկտեմբերի 1-ի դրությամբ ավելի քան 768 հազար քաղաքացիներ և բնակիչներ աշխատում են, աշխատավարձ ստանում ու եկամտային հարկ վճարում. եկամտային հարկը, ինչպես գիտեք առավելապես աշխատավարձի ձևավորման արդյունքում գոյացող հարկատեսակ է: Այսինքն՝ այդտեղ կան նաև այլ ուղղություններ՝ վարձակալություն, դիվիդենտներ և այլն, բայց մեր եկամտային հարկի առյուծի բաժինը, մեծ մասը՝ 80 և ավելի տոկոսը, եթե ոչ 90 և ավելի տոկոսը ձևավորվում է աշխատավարձից, այսինքն՝ աշխատավարձի հարկ: Իսկ այդ եկամտային հարկը ձևավորվում է միայն մի պատճառով, որ մարդն աշխատում է, աշխատավարձ է ստանում, և դրանից գեներացվում է եկամտային հարկը: Այսինքն՝ եթե չաշխատեր, աշխատավարձ չէր ստանա, և եկամտային հարկ չէր ձևավորվի:
Բյուջեի եկամուտները ձևավորվում են ավելացված արժեքի հարկից ու ակցիզային հարկից, որոնք ձևավորվում է միայն այն պատճառով, որ աշխատող, աշխատավարձ և այլ եկամուտներ ստացող մարդիկ ծառայություններ և ապրանքներ են ձեռքբերում, ինչի արդյունքում ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ է գոյանում: Ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ գոյանում է նաև կենսաթոշակ, սոցիալական և ընտանեկան նպաստներ ստացողների կողմից ապրանքներ և ծառայություններ ստանալու արդյունքում, բայց սոցիալական այս խմբերն այսօր կենսաթոշակ և սոցիալական վճարներ ստանում են այսօր աշխատող ավելի քան 768 հազար աշխատողների վճարած հարկերի շնորհիվ: Այսինքն՝ նույնիսկ չաշխատող ու սոցիալական կամ ընտանեկան նպաստ ստացող խմբերի սպառման արդյունքում գոյացող հարկերը գեներացնում են աշխատող մարդիկ: Սա էլ է շատ կարևոր արձանագրում: Մեր երկրի բյուջեի եկամտային հոդվածներից ամենամեծն ավելացված արժեքի հարկի տողն է: Ինչո՞ւ է ձևավորվում ավելացված արժեքի հարկն ընդհանրապես, որովհետև քաղաքացիները, այն մարդիկ, որ աշխատում են և եկամուտներ են ստանում, նրանք գնում են ապրանք և ձեռք են բերում, օրինակ, ջուր: Մարդը հենց ջուր ձեռք բերեց, այս ջրի ձեռքբերման 20 տոկոսն ավելացված արժեքի հարկն է: Այսինքն, եթե մարդը չաշխատի, գումար չունենա, ջուր ձեռք չբերի, ավելացված արժեքի հարկ այս մասով չի գոյանա: Ինչո՞ւ, այս մասով, հիմա կանդրադառնամ, որովհետև ներմուծման դեպքում էլ ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ վճարվում է, բայց դա միևնույն է՝ վերջին հաշվով վճարում են այն մարդիկ, ովքեր սպառում են ներմուծված ապրանքները և ծառայությունները: Այսինքն՝ ճիշտ հասկանանք, ավելացված արժեքի հարկը, որ մեր երկրի պետական բյուջեի մեծագույն տողն է հարկային եկամուտների, գոյանում է նրա համար, որ մարդն աշխատում է, աշխատավարձ է ստանում և այդ աշխատավարձը ծախսում է ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու համար: Էլի ուզում եմ կարևորագույն ընդգծում անել. կան մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն աշխատում, բայց նրանք ստանում են սոցիալական վճարներ, օրինակ: Նրանց սոցիալական վճարները, ընտանեկան կամ սոցիալական նպաստը մարդը ստացավ, ինքն էլ գնաց ջուր առավ, նույն կերպ իր գնման պահին էլի ձևավորվում է ավելացված արժեքի հարկ: Չաշխատող, բայց սոցիալական նպաստ ստացող մարդու և՛ այդ գումարը, և՛ դրա արդյունքում ծախսված գումարի ավելացված արժեքի հարկը գեներացնում են այն մարդիկ, ովքեր աշխատում են, աշխատավարձ են ստանում, եկամուտ կամ շահույթ են գեներացնում: Հիմա, ես դրան կանդրադառնամ:
Բյուջեի եկամուտների ձևավորման հաջորդ տողը շահութահարկն է կամ շրջանառության հարկը, որոնք ձևավորվում են միայն այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ ու բնակիչներ ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում, այսինքն՝ ապրանքներ արտադրում կամ ներմուծում, ծառայություններ մատուցում, որի արդյունքում ստանում են շահույթներ, ապահովում են դրամաշրջանառություն, այսինքն՝ կախված հարկման որ դաշտում է աշխատում՝ ընդհանո՞ւր, որտեղ կա շահութահարկ, թե՞ շրջանառության հարկի համակարգում, որտեղ շրջանառության հարկ կա: Եվ, ահա, այդ գործունեության արդյունքում ստանում են շահույթներ, ապահովում են դրամաշրջանառություն, այդպիսով՝ նաև շահութահարկ կամ շրջանառության հարկ են վճարում:
Բյուջեի եկամուտները ձևավորվում են նաև մաքսատուրքից, որը ձևավորվում է միայն այն պատճառով, որ այդ նույն, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները, մարդիկ, բնակիչները ներմուծում են ապրանքներ, հումք, բաղադրիչներ, որոնց համար մաքսատուրք են վճարում:
Թվարկումը չշարունակեմ, որովհետև թվարկված հարկատեսակներից ձևավորվում է մեր պետական բյուջեի եկամուտների ավելի քան 80 տոկոսը, մյուս 20 տոկոսն էլ այսպես, թե այնպես ձևավորվում է կոնկրետ մարդկանց աշխատանքի արդյունքում: Այսինքն՝ թվարկումը նույն տրամաբանությունն է, չեմ թվարկում, որպեսզի չծանրաբեռնենք, բայց ասելիքը և տրամաբանությունը նույն է: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն աշխատանքի, միայն ու միայն աշխատանքի, բացառապես աշխատանքի արդյունք է: Այսինքն՝ չկա պետական բյուջեի ձևավորման ուրիշ գործիք, քան Հայաստանի Հանրապետությունում աշխատող քաղաքացիները կամ բնակիչները:
Ինչպես տեսաք, պետական բյուջեի եկամուտների ձևավորումը կախված է յուրաքանչյուրից, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց և մեր երկրում ապրող յուրաքանչյուր մարդուց, նրանից, թե մեզնից յուրաքանչյուրը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի աշխատում, արժեք ստեղծում, արժեքի ստեղծմանը նպաստու՞մ է, թե ոչ, աշխատում է օրինական դաշտում, թե ոչ: Եթե ոչ, ուրեմն չկա պետական բյուջեի եկամուտ, եթե այո, պետական բյուջեի չափը, եկամուտների չափը մեծապես կախված է նրանից, թե որքանով է մեզնից յուրաքանչյուրը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ու բնակիչ արդյունավետ աշխատում, և սա վերաբերվում է և՛ պետական հատվածի, և՛ մասնավոր հատվածի աշխատողներին:
Պետական հատվածի աշխատողներին վերաբերվում է այնքանով, որ նաև նրանց աշխատանքից է կախված, թե մասնավոր հատվածը որքան արդյունք կկարողանա գեներացնել այսօր, որքան արդյունք կկարողանա գեներացնել վաղը: Այսինքն՝ այն, ինչ մենք անվանում ենք ներդրումային միջավայր, գործարար ազատություններ և հնարավորություններ, ավելի լայն համատեքստում՝ ընդհանրապես բոլոր պետական ծառայությունները: Այստեղ նկատի ունեմ այն ծառայությունները, ինչպես, օրինակ, կրթությունը, որը որպես ծառայություն հիմնականում մատուցվում է պետության և պետական հատվածի աշխատողների կողմից: Այսինքն՝ ի՞նչ կապ ունի կրթությունը բյուջեի հետ, որովհետև մարդու ստացած կրթությունից է կախված, թե վաղը, մյուս օրն ինքն իր աշխատանքային գործունեության ընթացքում ինչ արդյունք է գեներացնելու: Աշխատանք ունենալո՞ւ է, թե չի ունենալու: Նկատի ունեմ օրենքները, որոնք ընդունվում են պետության և պետական հատվածի աշխատողների կողմից, այսինքն՝ մենք էլ, մենք բոլորս էլ պետական հատվածի աշխատողներ ենք: Դրանցում նախատեսված ընթացակարգերի կիրառումը, որը նույնպես հիմնականում իրականացվում է պետական հատվածի աշխատողների կողմից: Այսինքն՝ այն օրենքները, որ մենք ընդունում ենք, ինչքանո՞վ են այդ օրենքները նպաստում, որ մարդը նախ քաջալերվի աշխատել, երկրորդն էլ՝ այդ աշխատանքի արդյունքում ավելի շատ արդյունք գեներացնի: Օրինականության և արդարության մակարդակը, որը նույնպես ապահովվում է պետության և պետական հատվածի աշխատողների կողմից: Մենք սա շատ հաճախ չենք գնահատում, բայց երկրում օրինականության և արդարության մակարդակը մեծապես կախված է մարդկանց աշխատելու, արդյունք ստեղծելու ցանկությունը և հնարավորությունների իրացումը: Արտաքին քաղաքականությունը, որն ընդհանրապես պետական մենաշնորհ է և իրականացվում է պետական հատվածի աշխատողների կողմից: Մենք սա էլ չենք գնահատել երկար ժամանակ, որ մի րոպե, բայց արտաքին քաղաքականությունն էլ կապ ունի տնտեսության և տնտեսական գործունեության և արդյունք գեներացնելու ծավալի հետ:
Այսպիսով՝ պետական հատվածի աշխատանքի բովանդակությունն ու որակը շատ բանով են կանխորոշում, թե որքան եկամուտներ կգեներացվեն երկրում: Իհարկե, դա մեծապես կախված է նաև մասնավոր հատվածում աշխատող մարդկանցից, որովհետև նաև նրանցից է կախված, թե իրենք առկա հնարավորությունները որքանով արդյունավետ կկիրառեն, այսինքն՝ որքանով կօգտագործեն «Հարստանալու այդպիսով նաև հարստացնելու» բանաձևային այն հնարավորությունները, որը ստեղծում կամ լավարկում է Կառավարությունը:
Պետական բյուջեի տեսակետից «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու՛ ես» բանաձևն ընդամենն այդ նույն հարցադրումն է պարունակում, իսկ արդյո՞ք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մեզնից յուրաքանչյուրը բավարար չափով և արդյունավետությամբ է աշխատում, որովհետև մեզնից յուրաքանչյուրի այդ աշխատանքից է կախված ոչ միայն մեր անձնական, այլև մեր համընդհանուր բարեկեցությունը, այդ բարեկեցության, ասել է թե՝ երկրի ապագան:
Յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունն որոշակիորեն փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության համընդհանուր բարեկեցության հետ, որովհետև հնարավոր է լավ վաստակել, բայց համընդհանուր թշվառության և աղքատության միջավայրում այդ վաստակը վայելելու բերկրանք և հնարավորություն չունենալ, այլ ընդհակառակը, ունենալ մեկուսացվածության ու տագնապի զգացողություն, որ աշխատանքով ձեռքբերածդ կարող է կորսվել ապօրինի ինչ-ինչ ազդեցությունների հետևանքով, որովհետև եթե կա լայնածավալ թշվառություն և աղքատություն, հատվածական բարեկեցությունն առաջնային թիրախ է և աչքի փուշ: Այսինքն, եթե մի հասարակություն, որտեղ հիմնականում գերիշխում է թշվառությունը և աղքատությունը, այո, կարող են լինել մարդիկ, ովքեր ինչ-ինչ հանգամանքների բերումով, ես օրինականը նկատի ունեմ, անօրինականը չենք էլ քննարկում, ովքեր իրենց տաղանդի, հմտությունների, ճարպկության շնորհիվ օրինական վաստակեն և բարեկեցություն ապահովեն: Բայց նրանց այդ բարեկեցության վայելելու հնարավորությունը շատ քիչ է, որովհետև եթե համընդհանուր աղքատություն է, բարեկեցությունը դառնում է թիրախ, աչքի փուշ, ատելություն է ձևավորվում ցանկացած բարեկեցիկ միջավայրի նկատմամբ այն պայմաններում, էլի եմ ասում, երբ թշվառություն ու աղքատությունը համընդհանուր են:
Հետևաբար՝ պետական բյուջեի վերը բերված ընկալումը նաև հանրային համերաշխության մասին է, երբ ես ասում եմ, որ դա մեր մեծ ընտանեկան բյուջեն է, երբ մենք բոլորս մեկ ընդհանուր պետական-ընտանեկան բյուջեում մեր ներդրումն ենք անում, հանուն բոլոր քաղաքացիների, համընդհանուր բարեկեցության, այն ըմբռնմամբ, որ բարեկեցության անբաժանելի բաղադրիչ են ինչպես կենցաղային հարմարավետությունը, այլև ազատությունը, արդարությունը, օրինականությունը, առողջությունը, արտաքին և ներքին անվտանգությունը, հագեցած մշակութային կյանքը:
Բայց պետական բյուջեն ոչ միայն այս, այլ նաև մեկ ուրիշ պատճառով նաև յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է: Ես սա ուզում եմ հատուկ արձանագրել: Այսինքն՝ ես ասացի, որ պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է, բայց նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արդեն նեղ ընտանեկան բյուջեի մաս է: Ահա, թե ինչու, որովհետև երկրում չկա գեթ մեկ մարդ, չկա մի ընտանիք, որի համար, որի կարիքների բավարարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծախս չի արվում: Չկա այդպիսի ընտանիք, անհատ մարդ, որի համար հասցեական պետական բյուջեից ծախս չի արվում: Օրինակ, 500 հազար և ավելի թոշակառուներ թոշակներ ստանում են պետական բյուջեից, բոլոր ուսուցիչները, զինվորականները, աշխատավարձ են ստանում պետական բյուջեից, բոլոր դպրոցները կառուցվում ու սպասարկվում են պետական բյուջեից, բոլոր ճանապարհները կառուցվում ու սպասարկվում են պետական բյուջեից, տասնյակ հազարավոր ընտանիքներ բնակարանի ձեռքբերման պարագայում հավելյալ վճարումներ են ստանում պետական բյուջեից: Ես նկատի ունեմ եկամտային հարկի վերադարձը և տարբեր այլ ծրագրեր, որ մենք երիտասարդ ընտանիքների, օրինակ, բնակարանի ձեռքբերման դեպքում աջակցում ենք, հարյուր հազարավոր քաղաքացիներ պետական պատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ են ստանում, որոնք վճարվում են պետական բյուջեից, տասնյակ հազարավոր քաղաքացիներ վարկեր են ստանում (խոսքը սուբսիդավորվող վարկերի մասին է), որոնց տոկոսները մասամբ կամ ամբողջությամբ վճարվում են պետական բյուջեից, տասնյակ հազարավոր անապահով ընտանիքներ նպաստներ են ստանում պետական բյուջեից: Ընդ որում՝ ընտանիքներ կան, որոնք ընդհանրապես չեն աշխատում, ոչ մի բան չեն անում և նպաստներ են ստանում պետական բյուջեից:
Այս ցանկը կարելի է դեռ երկար շարունակել: Բայց կարճ ասած, երկրում չկա գեթ մի հոգի, գեթ մի ընտանիք, որի կարիքները հոգալու համար ծախս չի արվում պետական բյուջեից և հետևաբար՝ մեր պետական բյուջեն յուրաքանչյուրի քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է բառիս ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով:
Ասել է, թե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու, բարեկեցության գործիք է, կրկին այն ըմբռնմամբ, որ բարեկեցության բաղադրիչ են ոչ միայն կենցաղային հարմարավետությունը, այլև ազատությունը, արդարությունը, օրինականությունը, առողջությունը, արտաքին և ներքին անվտանգությունը, հագեցած մշակութային կյանքը: Ես սա հատուկ ընդգծում եմ, որովհետև հիմա, վերջին շրջանում շատ ենք մենք խոսում բարեկեցության մասին, բայց շատ կարևոր է ընդգծել և թույլ չտալ նաև, որ բարեկեցության մասին խոսակցությունը մարդիկ փորձեն մեկնաբանել իբրև, այսպես ասած, ուտելու պրոցեսի քարոզչություն: Սա շատ կարևոր բան է, որովհետև, ընդ որում, հայտնի հանգամանքների բերումով մեզ մոտ ծայրահեղացված դրսևորումներ կան, այսինքն՝ ուտելը, սնվելը բարեկեցության մաս է աներկբայորեն, և միջազգային հարթակներում շատ է հնչում այն մասին, որ սննդի հասանելիությունը մարդու ամենահիմնարար իրավունքներից մեկն է: Եվ պետք չի, այսպես ասած, բաժանել հոգևոր և նյութական բաղադրիչների, որովհետև մարդու բարեկեցությունը ամբողջական համապարփակ հասկացություն է, որի մեջ մտնում է մարդու մշակութային կյանքին հասանելիությունից մինչև սննդի հասանելիությունը:
Այսինքն, հնարավոր չէ ունենալ համընդհանուր բարեկեցություն, առանց պետական բյուջեի: Որքան մեծ է պետական բյուջեն, այնքան մեծ է համընդհանուր բաեկեցությունը, իսկ պետական բյուջեն մեծ է այնքան, որքան նախ աշխատում, ապա՝ արդյունավետ և թափանցիկ են աշխատում երկրի քաղաքացիները և բնակիչները:
Պետական բյուջեն, այսպիսով, հիմնվում է քաղաքացիների վճարած հարկերի վրա, բայց ուշադրություն դարձրեք, այդ հարկերը հավաքագրելու պետական գործառույթի վրա:
Հարկեր հավաքագրելը, հարգելի ներկաներ, պետական մենաշնորհ է: Ընդ որում` ուզում եմ ասել, որ ես նկատի ունեմ նաև Տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք նույնպես պետության մաս են: Ընդ որում, ի հեճուկս մի քանի անգամ, նույնիսկ հրապարակային արած դիտողություններից հետո էլ մինչև հիմա շատ է հնչում, ասենք, օրինակ, տարբեր ծրագրերից՝ պետությունն այսքան է տալիս, համայնքն՝ այսքան: Սա սխալ, կոպիտ սխալ, անթույլատրելի ձևակերպում է: Չի կարելի ասել պետությունն այս մասնակցությունն ունեցավ, համայնքն՝ այս մասնակցությունը, որովհետև համայնքը պետության բաղադրիչ է: Ես հույս ունեմ գոնե այսօրվանից հետո երբեք չեմ լսի՝ պետությունն այս մասնակցությունն ունեցավ, համայնքն այս մասնակցություն ունեցավ: Համայնքը պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, ինչպես Կառավարությունը, Ազգային ժողովը, դատական մարմինները և այլն: Եվ հետևաբար, հարկեր հավաքագրելը պետական մենաշնորհ է, բացառապես պետական գործառույթ: Միայն պետությունը կարող է հարկեր հավաքագրել և ունենալ պետական բյուջե, որն, ինչպես ակնհայտորեն ի ցույց դրեցի, համընդհանուր բարեկեցության գործիք է և հետեւաբար, պետությունն իր քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունն ապահովելու գործիք է:
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի ներկաներ,
Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունն ապահովելու գործիք է, կամ ժողովրդի լեզվով ասած՝ հաց վաստակելու գործիք: Այսպես պետք է ընկալի պետությունն ինքն իրեն և այսպես պետք է ընկալեն քաղաքացիներն իրենց պետությունը, որովհետև եթե պետության պետական և ժողովրդական ընկալումը սա չէ, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է:
Հենց նման համակարգային ընկալման բացակայությունն է և էր պատճառը, որ Հայաստանի Հանրապետության ավելի քան մեկ միլիոն քաղաքացիներ բարեկեցության իրենց կենսական կարիքը հոգալու համար սկսած 90-ականների սկզբից հեռացել, արտագաղթել և արտագաղթում են Հայաստանի Հանրապետությունից: Այստեղ մնացածներից շատերը, սա չափազանց կարևոր նրբություն է, իրենց բարեկեցության հույսը կապել են հեռանալու հեռանկարի հետ և չկարողանալով կամ, զուտ էմոցիոնալ, չուզենալով հեռանալ՝ երբեմն նույնիսկ համակերպվել են, որ իրենք մնում են, բայց այստեղ իրենց համար բարեկեցություն չի լինելու: Այսինքն՝ այստեղ մնալը շատ դեպքերում, երկար տարիներ նույնացվել է ոչ բարեկեցիկ կյանքով ապրելու մտքի հետ համակերպվելու հետ:
Երրորդ հանրապետությունում ստեղծված այս սոցիալ- հոգեբանությունը լրջագույն պրոբլեմներ է ստեղծել մեր երկրի համար, որովհետև ճեղքում և անդունդ է ստեղծել բարեկեցություն և հայրենիք, պետություն և բարեկեցություն, հայրենիք և պետություն հասկացությունների միջև: Այսինքն, բարեկեցություն հասկացությունը չի կապվել հայրենիք հասկացության հետ, ընդ որում մարդիկ ինտուիտիվ հասկացել են, որ պետությունը բարեկեցություն ստեղծելու գործիք է, բայց բարեկեցության գործիք պետության մասին խոսելիս՝ մարդիկ նկատի են ունեցել ուրիշ պետություններ և ոչ թե իրենց հայրենի պետությունը:
1991 թվականից ի վեր մեր հանրապետության միջին վիճակագրական, ամենատարածված մոդելը հետևյալն է եղել. քաղաքացիներն իրենց հացը վաստակել են հայրենիքից դուրս, իսկ պետություն ասելով՝ հասկացել են այն պետությունները, որոնք ամենևին իրենք չեն հիմնել, բայց որոնցում իրենք հաց են վաստակել: Ահա այսպես, մեր սոցիալ հոգեբանության մեջ բաղդատվել, տարանջատվել են բարեկեցություն (ժողովրդական լեզվով ասած՝ հաց), հայրենիք և պետություն հասկացությունները:
Այս ճեղքի լրացումն առանցքային նշանակություն ունի մեր երկրի ապագայի համար, որովհետև հայեցակարգային, գաղափարաբանական մակարդակում մեր ինքնության ու մեր պետության պահպանումը, զարգացումը, հարատևությունն ապահովելու համար ռազմավարական անհրաժեշտություն է՝ պետության՝ որպես հայրենիքի բովանդակության և բարեկեցության, այսինքն՝ հացի ստեղծման գործիքի հայեցակարգային ընկալման արմատավորումը, ինչը, բարեբախտաբար, դանդաղ և ենթագիտակցական մակարդակում տեղի է ունենում: Ընդ որում, զուգահեռաբար մի ինչ-որ կետից, դա այդ ներքին հանրային պրոցեսը սկսել է: Ես նկատի չունեմ, որ դա սկսել է 2018 թվականից հետո: Այդ պրոցեսը տարբեր դրսևորումներով, բայց հիմնականում ինտուիտիվ, միշտ էլ եղել է, 90-ականների սկզբին էլ է եղել: Բայց ենթագիտակցական այս դրսևորումները բավարար չեն: Մեզ անհրաժեշտ է այդպիսի հստակ պետական, հանրային և քաղաքական գիտակցություն, և այդ գիտակցությունն արմատավորելու նպատակին է ծառայում «Հայրենիքը պետությունն է. սիրում ե՞ս հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ» բանաձևը:
Ինչպես է հնարավոր ուժեղացնել պետությունը. առաջին հերթին՝ ավելի ու ավելի արդյունավետ աշխատանքով: Հիմա հատուկ չեմ ասում՝ ավելի շատ աշխատելով, որովհետև «շատ աշխատել» հասկացությունը մեզանում, երբեմն, առիթ է դառնում, որ շարժումը, շատ դեպքերում՝ անիմաստ, աննպատակ շարժումը, շփոթենք գործողության, այսինքն՝՝ գիտակցված, պլանավորված և արդյունավետ գործունեության հետ: Ի՞նչ նկատի ունեմ, նկատի ունեմ, որ մեր իրականության մեջ այսպիսի բան կա, որ առավոտից իրիկուն չարչարվում ենք ու ոչ մի արդյունք չենք ստանում: Դա նրանից է, որ մենք շարժումն ու գործողությունը շատ հաճախ շփոթում ենք: Այո, կարելի է հազարավոր կալորիաներ ծախսել և հազարավոր ժամեր անցկացնել և զրո արդյունք ստեղծել: Եվ նաև ձևավորվում է աշխատանքի նկատմամբ մեր միջին վիճակագրական վերաբերմունքն ընդհանրապես: Ահա ուրեմն, մեծ հաշվով՝ այո՛, արդյունավետ աշխատելը շատ աշխատելն է, ավելի արդյունավետ աշխատելը՝ ավելի շատ աշխատելը՝ այն տրամաբանությամբ, որ «շատ աշխատել» և «արդյունավետ աշխատել» հասկացությունների միջև է ընկած հարցի պատասխանը, թե ի վերջո, աշխատանքը չարչարվե՞լ է, թե՞ ստեղծագործել: Աշխատանքը տառապա՞նք է, թե՞ վայելք:
Անարդյունավետ, չիմացության ու չսովորելու վրա հիմնված աշխատանքը տառապանք ու չարչարանք է, որը հիմնականում չի բերում արդյունքներ: Իսկ արդյունավետ, արտադրողական, իմացության վրա հիմնված աշխատանքը հաճույք է, առնվազն այդպիսի հաճույք է նրա բերած արդյունքը, որն արտահայտվում է ավելի մեծ եկամուտների տեսքով: Այսինքն՝ այդ աշխատանքն ինքնին կարող է չլինել վայելք և հաճույք, բայց եթե աշխատանքը իմացության վրա է հիմնված, արդյունավետ է և արտադրողական, առնվազն նրա բերած եկամտի չափը, որն ակնհայտորեն ավելի մեծ է, ինքն արդեն հաճույք է և վայելքի հնարավորություն է ստեղծում:
Հետևաբար, պետությունը կարելի է ուժեղացնել՝ միայն ավելի ու ավելի արդյունավետ աշխատելով, ավելի ու ավելի շատ արդյունք ստեղծելով: Ես ուզում եմ, հարգելի գործընկերներ, մեր ուշադրությունը կրկին հրավիրել նրա վրա, թե պետական հատվածի պարագայում ինչն է աշխատանքը՝ ավելին ու ավելի շատ մարդկանց համար հարստանալու հնարավորություն ստեղծելով, մասնավոր հատվածի պարագայում՝ ավելի ու ավելի շատ հարստանալով ու այսպիսով, ավելի շատ հարկեր վճարելով, այսինքն՝ պետությունը հարստացնելով:
Իսկ որպեսզի սա տեղի ունենա, ՀՀ քաղաքացին պետք է իր բարեկեցություն, այսինքն՝ հաց վաստակելու լավագույն գործիքը համարի իր պետությունը, ստեղծարար աշխատանքով զբաղվելու լավագույն տեղը համարի իր հայրենիքը և այս նպատակին է ծառայում՝ «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց» բանաձևը:
Ազգային ժողովի մեծարգո նախագահ, ԱԺ նախագահի հարգելի տեղակալներ, Կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն Իրական Հայաստանն է, այսինքն՝ այն Հայաստանը, որը գոյություն ունի դե յուրե և դե ֆակտո միաժամանակ, և այդ գոյության դե յուրե և դե ֆակտո հատվածներն անքակտելի են: Եվ պետական բյուջեն այն իրականությունն է, որը մենք ստեղծել ենք կամ պիտի ստեղծենք մեր աշխատանքի արդյունքում, աշխատանքի, միայն ու միայն աշխատանքի:
Եվ այսօր 2025 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ ես ոչ մի թիվ չեմ բարձրաձայնելու. դա կանեն Կառավարության իմ գործընկերները՝ բոլոր մանրամասներով:
Բայց պիտի ընդգծեմ՝ շատ կլինեն բյուջեի եկամուտները, թե քիչ, արդյունավետ կլինեն ծախսերը, թե ոչ այնքան, բարձր կլինեն կենսաթոշակներն ու աշխատավարձները, թե ոչ այնքան՝ մեր բոլորի՝ Կառավարության, Ազգային ժողովի, դատաիրավական համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների, ժողովրդի համատեղ աշխատանքի արդյունք է: Դա այն արդյունքն է, որը մենք գեներացնում ենք միասին:
Մի բան ակնհայտ է, մենք կարող ենք և պարտավոր ենք անել ավելին՝ ելույթիս մեջ հիշատակված բանաձևերի տրամաբանությամբ, որը ամփոփվում է, ինչպես արդեն ասացի՝ «Իրական Հայաստանի» հայեցակարգային շրջանակի մեջ:
Բայց մեր խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, այդ թվում հարկային ու մյուս օրենսդրություններն ի սկզբանե Իրական Հայաստանի հիմքի վրա չեն ձևավորվել: Եվ ես վստահ չեմ, որ մեր օրենքները, ընթացակարգերը, քաղաքականություններն ավելին ձևավորելու լավագույն հնարավորությունն են տալիս:
Ինչ նկատի ունեմ: Նկատի ունեմ մի բան, որը կարող է նաև տարօրինակ հնչել մեր իրականության մեջ: Կառավարության ու Ազգային ժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքների և կարգավորումների խնդիրներից մեկը, առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի շատ քաղաքացիների համար օրինական աշխատանքով և/կամ գործունեությամբ հարստանալու հնարավորություններ ստեղծելը:
Ձեր թույլտվությամբ կրկնեմ. Կառավարության ու Ազգային ժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքների և կարգավորումների առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի շատ քաղաքացիների համար օրինական աշխատանքով կամ գործունեությամբ հարստանալու հնարավորություն ստեղծելը:
Սա մի բան է, որ մեր պետական մարմինները հիմնադրման օրից ոչ թե բաց են թողել իրենց ուշադրությունից, այլ ընդհանրապես նրանց գենետիկայի մեջ չի էլ եղել նման խնդիր, և այս հարցի կարգավորումն առանցքային է: Մեր պետական մարմինների գենետիկա և գործելակարգի մեջ, մինչև այսօր, մենք բոլորս երբեք չենք ասել, չենք արձանագրել՝ մենք ի՞նչ հարց ենք լուծում, ի՞նչ խնդիր պետք է լուծենք, իսկ մենք պետք է լուծենք մի խնդիր: Մենք պետք է լուծենք հետևյալ խնդիրը, որ հնարավորություն ստեղծենք, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատող, գործունեություն ծավալող ավելի ու ավելի շատ մարդ հարստանա: Հասկանո՞ւմ եք, ոչ թե «յոլա գնա», այլ՝ հարստանա: Մեր պետական կառավարման ամբողջ իմաստն ու նպատակը հետևյալն է, որպեսզի ավելի ու ավելի շատ մարդ «յոլա գնա», և սա է մեր իրականության առանցքային բնորոշումը, մինչդեռ մենք մեր նպատակները պետք է ձևակերպենք, մեր խնդիրը պետք է լինի, որ ավելի ու ավելի շատ մարդ օրինական, մրցակցային աշխատանքով հարստանալու իրական հնարավորություն ունենա:
Մենք պիտի մեր ամբողջ օրենսդրությունը, ընթացակարգերը, արտաքին և ներքին քաղաքականությունները համապատասխանեցնենք այս կարիքներին, «Իրական Հայաստանի» կարիքներին: Սա երկար, բարդ աշխատանք է, ու մենք այսօրվանից պիտի սկսենք այս աշխատանքը:
Քննադատներն այս կետում շատ դիպուկ ասելիք ունեն, որը հետևյալն է. իսկ ինչ էիք անում մինչև հիմա, վերջին վեց ու կես տարիներին: Իհարկե, չի կարելի ասել, որ մենք այս ուղղությամբ աշխատանքներ չենք իրականացրել, մենք շատ աշխատանքներ ենք իրականացրել, բայց շատ կարևոր է , որ այդ աշխատանքները չենք իրականացրել հայեցակարգային հստակ ձևակերպման և պլանի ներքո: Եվ պիտի խոստովանեմ, որ հիմնական բանը, որ վերջին վեց ու կես տարիներին մենք բոլորս իրար հետ արել ենք՝ դա խարխափումն է Պատմական ու Իրական Հայաստանների արանքում:
Եկեք ի վերջո խոստովանենք, որ մենք, մեզնից առաջ էլ, մեզնից առաջ նույնիսկ ընդհանրապես խարխափում չի էլ եղել, իսկ մենք, մեր հիմնական ժամանակ, էներգիան ծախսել ենք՝ Պատմական ու Իրական Հայաստանների արանքում խարխափելով: Գուցե ցանկալիից ավելի ուշ, բայց այդ խարխափումն ավարտված է: Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունն ընտրել են Իրական Հայաստանի հայեցակարգը որպես ռազմավարություն: Վստահ եմ աներկբայորեն, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը նույնպես ընտրել է Իրական Հայաստանը և առաջիկա պատեհ առիթով իր այդ ընտրությունը կվերահաստատի:
Հարգելի գործընկերներ, շատ կցանկանայի, որ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներն ընթանան ոչ միայն թվերի ու տոկոսների, այլև վերը թվարկած հայեցակարգերի քաղաքական քննարկումների ներքո: Մենք բոլորս պետք է պատասխանենք մի կոնկրետ հարցի. իսկ ի՞նչ օրենքներ, որոշումներ պետք է ընդունենք և/կամ չեղարկենք, ինչ ընթացակարգեր պետք է սահմանենք և/կամ չեղարկենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ավելի շատ մարդիկ, օրինական աշխատանքով և գործունեությամբ հարստանալու հնարավորություն ունենան:
Այս հարցերի ճիշտ պատասխանները, նշանակում են, որ մենք կապահովենք մեր պետության, այսինքն՝ մեր ինքնության զարգացումն ու հարատևությունը:
Շնորհակալ եմ: