Սահակաշվիլին «Վրացական երազանք»-ից նախագահի թ...

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «Վրաստանը թևակոխել է պետականության կործանման վերջին փուլը», հաղորդում է Новости-Грузия-ն։

Վրաստանի նախկին նախագահը այսպես է մեկնաբանել նախկին ֆուտբոլիստ, ներկայում «Վրացական երազանք»-ի կողմից պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլիի առաջադրումը որպես նախագահի թեկնածու։

«Վերջին նման դեպքը տեղի ունեցավ Հռոմեական կայսրությունում, երբ Կալիգուլան իր ձիուն Սենատի անդամ նշանակեց։ Դրա նպատակը վրաց ժողովրդի ինքնագնահատականը հնարավորինս իջեցնելն է»,-նշել է Սաակաշվիլին։

Իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին չորեքշաբթի անձամբ է ներկայացրել Միխեիլ Կավելաշվիլիին որպես նախագահի թեկնածու. նրան պետք է ընտրի պատգամավորների և շրջանների ներկայացուցիչների ընտրական կոլեգիան, որում ձայների մեծամասնությունն ունի «Վրացական երազանքը»։ Ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 14-ին, այլ թեկնածուներ ներկա պահին չկան։

Լրատվամիջոցները նշում են, որ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի, և մինչ 2016 թվականին «Վրացական երազանքի» ցուցակով խորհրդարան մտնելը նա զբաղվել է սպորտով։

Ընդդիմադիր պարբերականները ենթադրում են, որ իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ընտրել է Կավելաշվիլիին՝ ելնելով անձամբ իր հանդեպ ունեցած հավատարմությունից։

«Վրացական երազանք»-ը նշում է, որ Կավելաշվիլին «իսկական վրացի է հոգով, սրտով և մարմնով»։ Իսկ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ «Կավելաշվիլին շատերից ավելի կրթված է նույնիսկ առանց դիպլոմի», իսկ Վրաստանի Սահմանադրությունը նման փաստաթուղթ չի պահանջում։