Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նախազգուշացրել է, որ ՄԱԿ-ի շարունակական անգործությունն ու պասիվությունը «իսրայելական ռեժիմի ցեղասպանության և լայնածավալ ագրեսիայի առջև» էլ ավելի կխաթարի համաշխարհային կազմակերպության հանդեպ վստահությունը, գրում է Mehr-ը։
Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Կանոնադրության բարեկամների խմբի վիրտուալ արտահերթ նախարարական հանդիպման ժամանակ՝ Արաղչին հանդես է եկել նախազգուշական ելույթով:
Նա ուրվագծել է Իրանի դիրքորոշումը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ և միջազգային հանրությանը կոչ է արել թույլ չտալ, որ Իսրայելի խախտումներն ու ագրեսիան սահմանված կարգ դառնան:
«ՄԱԿ-ի սոսկ մեկ անդամը խաթարում է ՄԱԿ-ի համակարգի արդյունավետությունը՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը»,-հայտարարել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը:
Արաղչին Գազայում Իսրայելի 14-ամսյա գործողությունները բնութագրել է որպես «Պաղեստինի գաղութային ոչնչացման 80-ամյա ծրագրի շարունակություն, որն արտահայտվում է պաղեստինյան հողերի օկուպացիայի ուժեղացմամբ և օկուպացված ժողովրդի դեմ ապարտեիդի հաստատմամբ»:
Ըստ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ «Գազայում ռեժիմի ցեղասպանությունը և Լիբանանի դեմ նրա ագրեսիան դադարեցնելու համար անհրաժեշտ է գլոբալ կոալիցիա՝ Իսրայելին պատասխանատվության ենթարկելու և նրա առաջնորդներին քրեական հետապնդման ենթարկելու համար»։ Արաղչին միաժամանակ կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի ռազմական, ֆինանսական և քաղաքական աջակիցների, հատկապես Միացյալ Նահագների նկատմամբ: