Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովը ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հնագույն հանձնաժողովներից մեկն է, որը ստեղծվել է դեռեւս 1954 թվականին եւ համաճարակային բարդ իրավիճակներում Եվրասիայի, Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի ավելի քան 100 երկրներում զգալի աշխատանքներ է իրականացրել: Հանձնաժողովի նպատակն էր ստեղծել միջկառավարական մեխանիզմ` Եվրոպայում էնդեմիկ հիվանդությունը վերահսկելուն ուղղված գործողությունները համակարգելու համար: Հոկտեմբերի 23-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում ներկայացնելով «Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
Նախարարը նշել է, որ հանձնաժողովի առաջնային նպատակն է հակազդել դաբաղի եւ կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների սպառնալիքներին, որոնք տարածաշրջանային առումով մեծ տնտեսական վտանգ են ներկայացնում երկրի համար` հանգեցնելով տնտեսական սահմանափակումների: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ հանձնաժողովի դերն է համակարգել անդամ երկրների գործունեությունը հիվանդության վերահսկման եւ կանխարգելման գործում: Հիվանդության արձանագրման դեպքում հանձնաժողովն անդամակցող երկրներին տրամադրում է աջակցություն` ախտորոշիչ եւ կանխարգելիչ նյութերի ձեռքբերման, հիվանդության դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման եւ իրականացման ուղղությամբ: Հիմնական զեկուցողի խոսքով նշանակալի է հանձնաժողովի դերը Հայաստանում տարեկան իրականացվող դաբաղի վերահսկողության ծրագրի մշակման գործընթացում: Հանձնաժողովին անդամակցում է 39 եվրոպական երկիր: Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանն անդամակցության համար կվճարի տարեկան 4081 ԱՄՆ դոլար: Նա տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանում ներկայում անասնահամաճարակային կայուն իրավիճակ է:
Գեւորգ Պապոյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ գյուղատնտեսական մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյանը: