ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը առաջիկա օրերին պատրաստվու...

ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժմանը մոտ կանգնած Maan գործակալությունը հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և իսրայելական կողմի միջև հրադադարի և պատանդների մի մասի ազատ արձակման մասին համաձայնագիրը կստորագրվի առաջիկա օրերի ընթացքում։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ «համաձայնագիրը կստորագրվի և այդ մասին կհայտարարվի այս շաբաթ, առավելագույնը՝ հաջորդ շաբաթվա սկզբին»։ Գործակալությունը նշում է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է այն առաջարկին, որը ենթադրում է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի ռեժիմ հաստատել և այդ ընթացքում 10 պատանդի փոխանցում իրականացնել իսրայելական կողմին։

Գործակալությունը չի բացառել, որ պաղեստինյան հատվածում հրադադարի մասին պայմանավորվածությունների ձեռքբերման մասին կարող է հայտարարվել «առաջիկա կիրակի օրը, իսկ հնարավոր է նաև ուրբաթ օրը, եթե համաձայնագրի բոլոր մանրամասները վերջնականապես համաձայնեցվեն»։

Կատարում անցկացվող անուղղակի բանակցությունների շրջանակում ներկայացված վերջին նախաձեռնության համաձայն՝ պաղեստինյան արմատականները պարտավորվում են համաձայնեցված 60-օրյա հրադադարի ռեժիմի ընթացքում իսրայելական կողմին հանձնել 10 կենդանի պատանդ և Գազայում զոհված 18 գերիների մարմինները։ Իսրայելը, նույն հրադադարի ընթացքում, պարտավորվում է բանտերից ազատ արձակել 150 պաղեստինցիների, որոնք երկարատև ազատազրկման մեջ են, ինչպես նաև 1100 արաբների, որոնք ձերբակալվել են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի ռազմական գործողության սկսվելուց հետո։ Բացի այդ, համաձայն պայմանավորվածությունների, էապես կավելացվի անկլավի բնակիչներին մատակարարվող մարդասիրական օգնության ծավալը։