Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը լրագրողներին տեղեկացրել է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք նորից կհավաքվեն Կահիրեում մինչեւ շաբաթվա վերջ՝ շարունակելու համար հրադադարի մասին բանակցությունները։
«Պետքարտուղար Բլինքենը տարածաշրջանում է, որպեսզի հաստատի մեր հավատարմությունն Իսրայելի անվտանգությանը, ինչպես նաեւ շարունակվեն մեր ջանքերն այդ համաձայնագրի կնքման ուղղությամբ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Անցած շաբաթ Դոհայում, ԱՄՆ, Եգիպտոսի եւ Կատարի միջնորդությամբ վերսկսվել են Գազայում հրադադարի մասին բանակցությունները։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մերձավոր Արեւելք կատարած այցի ընթացքում երկուշաբթի հայտնել է, որ Իսրայելն ընդունել է «բացերը վերացնելու» առաջարկը, եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է անի հաջորդ քայլը հետագա բանակցությունների նախաշեմին։