Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ղեկավար...

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության նախագահ Օլիվիե Ֆորը հրաժարվել է բանակցել Մակրոնի հետ նոր կառավարության ձեւավորման շուրջ այն բանից հետո, երբ վերջինը հրաժարվել է ընդունել ձախ կոալիցիայի ծրագիրը։

«Ես հրաժարվում եմ մասնակցել դեմոկրատիայի այդ նմանակմանը։ Ի՞նչ է նա մեզ ասելու»,- ասել է Ֆորը France 2 հեռուստաալիքի եթերում։

Նրա կարծիքով՝ պետության ղեկավարը չի կարող որեւէ որոշում առաջարկել ներկա խնդիրների կարգավորման համար, բայց եւ հրաժարվել է ընդունել «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիայի առաջարկը։ Սոցիալիստների ղեկավարը նաեւ կարծում է, որ Մակրոնը չի ցանկանում վերադառնալ աղմկահարույց կերպով խորհրդարանում ընդունված կենսաթոշակային ռեֆորմի քննարկմանը։ Նա տարակուսանք է հայտնել, որ չնայած «Չհնազանդված Ֆրանսիա» կուսակցության զիջումներին, որը համաձայնել է թեկնածուներ չներկայացնել նախարարների պաշտոնների համար, քանի որ մյուս կուսակցությունները խոստացել էին անվստահություն հայտնել նրանց մասնակցությամբ կառավարությանը, Մակրոնը, միեւնույն է, չի ընդունել ձախերի առաջարկը։

«Մենք հասկանում ենք, որ նրանց խնդիրը «Չհնազանդված Ֆրանսիան» չէ, այլ ձախերը, նրանց խնդիրը ֆրանսիացիներն են, քվեարկության արդյունքները։ «Ես հաղթում եմ, դու պարտվում ես»՝ ահա այսպիսին է դեմոկրատիան ըստ Մակրոնի եւ նրա ընկերների»,- ասել է Ֆորը։ Նա ավելացրել է, որ Սոցիալիստական կուսակցությունը չի մասնակցելու կոալիցիոն կառավարությունում, որտեղ նրան ակտիվորեն կանչում են աջ հանրապետականներն ու կենտրոնամետները։

«Մեզ խնդրում են աջակցել անվերջ մակրոնիային։ Իմ պատասխանն է՝ ոչ։ Եվ մենք դեմ ենք մակրոնիզմի ցանկացած երկարաձգման»,- ասել է նա։