Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ պետականության յուրաքանչյուր մեծ վերափոխում չի սկսվել գեղեցիկ կարգախոսներով։ Այն սկսվել է ճգնաժամով, անորոշությամբ, արտաքին ճնշմամբ, ներքին բախումներով և սեփականության վերաբաշխմամբ։ Առաջին Հանրապետության անկումից հետո Հայաստանը մտավ խորհրդային համակարգ։ Խորհրդային Միության փլուզումից հետո ծնվեց Երրորդ Հանրապետությունը, որը նույնպես ձևավորվեց պատերազմի, տնտեսական կոլապսի, սեփականաշնորհումների և նոր քաղաքական էլիտայի առաջացման պայմաններում։ Այսօր ավելի ու ավելի հաճախ է հնչում հարցը՝ արդյո՞ք հերթական պատմական շրջադարձի շեմին ենք։
Այդ հարցը պատահական չէ։ Դեռևս 2021 թվականին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում էր, որ «Երրորդ Հանրապետությունն անցյալում է», և Հայաստանին անհրաժեշտ է նոր պետական մտածողություն։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը սկսեց բացահայտ խոսել «Չորրորդ Հանրապետության» գաղափարի մասին՝ այն ներկայացնելով որպես նոր արժեքային և քաղաքական համակարգ, իսկ 2025 թվականին արդեն հրապարակայնորեն ձևակերպեց իր պատկերացումը, թե ինչ պետք է լինի այդ նոր հանրապետությունը։
Սակայն պատմությունը սովորեցնում է, որ պետությունները փոխվում են ոչ միայն գաղափարախոսությամբ։ Յուրաքանչյուր մեծ անցման ժամանակ փոխվում են նաև ուժային կենտրոնները, տնտեսական էլիտաները և սեփականության կառուցվածքը։ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո հսկայական կալվածքներ անցան նոր սեփականատերերի։ Ռուսաստանում 1917 թվականի հեղափոխությունից հետո ամբողջ տնտեսությունը վերաձևավորվեց։ Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին պետական սեփականությունը դարձավ նոր օլիգարխիկ դասի տնտեսական հիմքը։ Այս գործընթացները տարբեր երկրներում տարբեր ձևեր են ստացել, սակայն ընդհանուր օրինաչափությունն ակնհայտ է․ քաղաքական համակարգի փոփոխությունն ուղեկցվում է տնտեսական ազդեցության կենտրոնների վերադասավորմամբ։
Այս համատեքստում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները նույնպես բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Վերջին տարիներին իրավապահ գործողությունների և քրեական գործերի կենտրոնում հայտնվել են խոշոր գործարարներ, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը։ Այս դեպքերի իրավական գնահատականը թողնելով դատարաններին՝ քաղաքական հարթությունում դժվար է չնկատել, որ խոսքը վերաբերում է երկրի ամենախոշոր տնտեսական դերակատարներից մի քանիսին։ Երբ քաղաքական փոփոխությունները զուգակցվում են տնտեսական ազդեցության կենտրոնների թուլացմամբ, բնական է, որ հասարակության մի հատվածը սկսում է այդ ամենը դիտարկել ոչ թե առանձին դեպքերի, այլ ավելի լայն վերափոխման շրջանակում։
Այս ամենը տեղի է ունենում բացառիկ բարդ արտաքին միջավայրում։ Տարածաշրջանը շարունակում է ապրել պատերազմների և մրցակցող աշխարհաքաղաքական նախագծերի պայմաններում։ Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն փոխում է իր արտաքին քաղաքական ուղղվածությունը՝ փորձելով խորացնել հարաբերությունները արևմտյան գործընկերների հետ և միաժամանակ նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից։ Միաժամանակ շարունակվում են խաղաղության գործընթացը Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձերը և անվտանգության համակարգի վերաիմաստավորումը։ Այս բոլոր գործընթացները տեղի են ունենում այն պահին, երբ տարածաշրջանում իրենց շահերն ունեն Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, Թուրքիան և Իրանը։
Սակայն ամենակարևոր հարցը, թերևս, այն չէ, թե Չորրորդ Հանրապետություն կլինի՞, թե՞ ոչ։ Ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ գնով է այն ձևավորվելու։ Հայաստանի նախորդ երկու պետական անցումները հասարակության համար ուղեկցվել են ծանր տնտեսական կորուստներով, արտագաղթով, սոցիալական ցնցումներով և նոր քաղաքական ու տնտեսական դասի ձևավորմամբ։ Եթե այսօր իսկապես ձևավորվում է նոր պետական համակարգ, ապա դժվար է պատկերացնել, որ այդ գործընթացը կանցնի առանց նմանատիպ ցավոտ հետևանքների։
Հնարավոր է՝ տարիներ անց պատմաբանները 2020-ականների կեսերը բնութագրեն որպես այն ժամանակաշրջանը, երբ ավարտվեց Երրորդ Հանրապետության պատմությունը և սկսվեց նոր պետական շրջափուլը։ Բայց եթե այդ գնահատականը երբևէ հաստատվի, ապա այն պայմանավորված կլինի ոչ թե միայն սահմանադրական փոփոխություններով կամ քաղաքական հայտարարություններով, այլ այն հանգամանքով, որ փոխվել էին Հայաստանի արտաքին հենարանները, տնտեսական ուժային կենտրոնները, պետական ինքնության ընկալումը և իշխանության կառուցվածքը։ Իսկ նման փոփոխությունները պատմության մեջ գրեթե երբեք չեն անցել առանց մեծ տուրբուլենտության։
Գոռ Դավթյան



