Ընտրություններից առաջ Աննա Հակոբյանը գրեթե անհետացել էր հանրային տեսադաշտից, և դա անմիջապես զգացվում էր։ Հանրային կյանքում լարվածությունն ու փոխադարձ թշնամանքը կարծես փոքր-ինչ նահանջել էին։ Պատահական չէ․ Հայաստանում դժվար է գտնել մեկ այլ հանրային դեմք, որի յուրաքանչյուր հայտնվելը նույնպիսի բևեռացում և հակազդեցություն առաջացնի։ Տարիներ շարունակ նա ոչ թե մեղմել, այլ խորացրել է հասարակական բաժանումը՝ ամենազգայուն թեմաներով հանդես գալով սադրիչ հայտարարություններով։
Ընտրություններից հետո նա վերադարձավ և, ինչպես կասեր իր չինարենի ուսուցիչը, «Տատյա հաո», իր հետ բերեց հերթական աղմուկը։ Այս անգամ հայտարարեց, թե եկել է պաշտպանելու հայ կանանց՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, կարծես Հայաստանում գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կին է բռնության ենթարկվում, իսկ ինքն է այդ խնդրի գլխավոր լուծումը։
Սակայն մինչ այդ «առաքելությունը» սկսելը, արդեն հասցրեց նոր քրեական պատմությունների առիթ ստեղծել։ Իր հրապարակման տակ գրված սեռական բնույթի մեկնաբանությունները ներկայացվեցին որպես իր կյանքի համար վտանգ, և դրանից հետո իրավապահ համակարգը գործի անցավ՝ սկսելով որոնել այդ գրառումների հեղինակներին։
Սակայն հենց այստեղ է սկսվում ամենահետաքրքիրը։ Երբ նույն Աննա Հակոբյանն անծանոթ տղամարդկանց հասցեին սեռական բնույթի նվաստացնող կամ վիրավորական արտահայտություններ է անում, հանկարծ պարզվում է, որ դա ոչ թե խնդիր է, այլ մի բան, որը տղամարդիկ պետք է «հասկանան», «հանդուրժեն» և, ցանկալի է, նույնիսկ չվիրավորվեն։ Իսկ եթե դժգոհեն, իրենք են մեղավոր։
Այս ամենից հետո դժվար է ազատվել այն տպավորությունից, որ խնդիրը ոչ թե կանանց պաշտպանությունն է, այլ այն, թե ով է խոսողը։ Մի դեպքում նույնիսկ մեկնաբանությունը կարող է դառնալ քրեական հետապնդման առիթ, մյուս դեպքում՝ հրապարակային վիրավորանքը ներկայացվում է որպես նորմալ երևույթ։ Իսկ օրենքը, որը տարբեր մարդկանց համար սկսում է տարբեր կերպ գործել, վաղուց արդեն օրենք չէ, այլ ընտրովի գործիք։



