Հուլիսի 31-ին Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
«Քննարկմանը մասնակցել են Ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, շտաբի պետ Ռաֆայել Հարությունյանը, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը, ինչպես նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանը և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները կատարող Կարո Մանուկյանը:
ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանն անդրադարձել է վերոնշյալ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց պահման, սանիտարահիգիենիկ պայմաններին, ինչպես նաև նրանց իրավունքների ապահովմանը, սննդին, բժշկական օգնությանը և սպասարկմանը առնչվող հարցերին:
Կողմերը մանրամասն անդրադարձել են մշտադիտարկման արդյունքում արձանագրված յուրաքանչյուր խնդրի, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում ծառայողների թափուր հաստիքների համալրման, ազատազրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի ապահովման և վերասոցիալականացման գործընթացների հետ կապված հարցերին:
Քննարկման ընթացքում Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները բարձրացված հարցերի վերաբերյալ տվել են ամփոփիչ պարզաբանումներ, ինչպես նաև քննարկել խնդիրների լուծման առավել արդյունավետ և գործնական տարբերակները:
Ամփոփելով հանդիպումը՝ Ծովինար Թադևոսյանը վերահաստատել է քրեակատարողական համակարգի բարեփոխումների հետևողական շարունակականության հանձնառությունը և շեշտել, որ Ծառայությունը բաց է կառուցողական համագործակցության և մասնագիտական քննարկումների համար:
ՄԻՊ ներկայացուցիչը նույնպես կարևորել է նման ձևաչափով հանդիպումների արդյունավետությունը՝ նշելով, որ բարձրացված հարցերին Քրեակատարողական ծառայությունը արձագանքում է արագ և համագործակցային մոտեցմամբ»։



