Կանադացի երգիչ Նիլ Յանգը 10 միլիոն դոլարի հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Երգիչը Թրամփին մեղադրել է հեղինակային իրավունքների խախտման մեջ՝ նախընտրական հանրահավաքների ժամանակ «Rockin’ in the Free World» երգը որպես երաժշտական ձևավորում օգտագործելու համար։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Variety պարբերականը։
Ըստ պարբերականի մեջբերած հայցադիմումի՝ Թրամփը երգն օգտագործել է հոկտեմբերի 12-ին Օհայո նահանգում կայացած հանրահավաքում և Հանրապետական կուսակցությանն աջակցող նախընտրական այլ միջոցառումների ժամանակ։ Թրամփի վարած քաղաքականությանը դեմ արտահայտվող Յանգը պահանջել է դրամական փոխհատուցում և արգելել երգի հետագա օգտագործումը քաղաքական նպատակներով։
Variety-ն նշում է, որ դեռևս 2020 թվականին Յանգը դարձյալ հայց էր ներկայացրել Թրամփի դեմ՝ նույն երգի հրապարակային օգտագործման համար։ Այն ժամանակ քաղաքական գործիչը չէր վիճարկել պահանջը և պարտավորվել էր երգը չօգտագործել առանց համապատասխան լիցենզիայի։
ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին։ Դրանց արդյունքում կվերընտրվեն Սենատի մեկ երրորդը և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ամբողջությամբ, ինչպես նաև 36 նահանգների և տարածքների նահանգապետեր։ Կոնգրեսի երկու պալատներն էլ այժմ գտնվում են հանրապետականների վերահսկողության տակ։



