Դեմ ենք քվեարկելու TRIPP-ի վավերացման նախագծի...

«Մեծ հաշվով, պայմանագիրը փաստացի թղթի վրա երկկողմ պայմանագիր է համարվում, այսինքն՝ պայմանագրի երկու կողմերն են Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բայց իր էությամբ, բովանդակությամբ, այնտեղ առկա է նաև երրորդ կողմը՝ մասնավորապես Ադրբեջանը։ Ավելին՝ Ադրբեջանի շահերն այս փաստաթղթում ավելի ուղիղ են արտացոլված, քան Հայաստանի Հանրապետության շահերը։

Ի՞նչ է ստանում կողմերից մեկը՝ մասնավորապես Միացյալ Նահանգները։ Ստանում է ուղիղ ներկայացվածություն տարածաշրջանում։ Նույնիսկ եթե քաղաքացիական ներկայացվածություն է լինելու, այդ ներկայացվածությունը լինելու է Իրանի հետ սահմանին։ Այսինքն՝ ներկայություն է ունենալու կարևոր ռազմավարական հատվածում։

Տնտեսական բաղադրիչը շատ չեմ նշում, որովհետև Միացյալ Նահանգների համար չափազանց աննշան շահույթ է լինելու։

Ի՞նչ է ստանում Ադրբեջանը։ Ադրբեջանը ստանում է կապ երկու կողմերի միջև, այսինքն՝ Նախիջևանի և Ադրբեջանի միջև։ Մի բան, որը եղել է Ադրբեջանի և Թուրքիայի մշտական երազանքը, ռազմավարական նպատակը, և դրա իրականացումն արտացոլված է այս փաստաթղթում։

Այսինքն՝ ի՞նչ է ստանում Միացյալ Նահանգները՝ բոլորիս համար հասկանալի է։ Ի՞նչ է ստանում Ադրբեջանը՝ նույնպես հասկանալի է։ Իսկ ի՞նչ է ստանում Հայաստանի Հանրապետությունը։

Երբ քաղաքական մեծամասնությունը փորձում է պատասխանել այդ հարցին, սովորաբար առաջին պատասխանը լինում է՝ ապաշրջափակում։ Բայց հողի վրա որևէ կոմունիկացիա չի ապաշրջափակվում, որևէ սահման չի բացվում։ Այսինքն՝ առաջին պատասխանն արդեն իսկ սխալ է։ Չկա որևէ ապաշրջափակում։ Կա Հայաստանի Հանրապետության կոմունիկացիոն ցանց և կա Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ, որը որևէ կապ չի ունենալու Հայաստանի Հանրապետության որևէ այլ ճանապարհի հետ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։