Էրդողանը փորում է իր «քաղաքական գերեզմանը»

Ներքաղաքական-հետընտրական վայրիվերումներին տուրք տված լինելով, Հայաստանում եւ հասարակությունը եւ փորձագիտական հանրույթը, կարելի է ասել բաց թողեց հերթական հետաքրքիր իրադարձությունը, որը կարող է դառնալ Թուրքիայի գործող վարչակարգի եւ վերջինիս ղեկավար Թայիփ Էրդողանի «քաղաքական գերեզմանոցը»։ Մասնավորապես, անցյալ շաբաթ տրվեց «Ստամբուլ» ջրանցքի շինարարության մեկնարկը։ Այն նոր ջրանցք է լինելու, որը պետք է շրջանցի Բոսֆորի նեղուցը եւ կոչված է լինելու մրցակցել վերջինիս հետ։

Հետաքրքրական է, որ թուրքական հասարակական-քաղաքական շրջանակներում եւ տարբեր մասնագիտական խմբերի մոտ այս նախագիծը առանձնապես մեծ ոգեւորությամբ չեն ընդունել։ Ավելին, չափազանց շատ քննադատություն կա, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ Թուրքիան նման ահռելի նախագիծ իրականացնելու համար պարզապես ֆինանսական միջոցներ չունի եւ կարող է երկիրը վերջնականապես հայտնվել ֆինանսատնտեսական կոլապսի մեջ։

Բացի այդ, նախագիծը նաեւ բավական խնդրահարույց է բնապահպանական առումով։ Ջրանցքը ունենալու է 45 կմ երկարություն եւ միացնելու է Սեւ եւ Մարմարա ծովերը։ Այն բեռնաթափելու է Բոսֆորը, որտեղով անցնում է օրական 140 նավ։ Մի քանի տասնյակ միլիարդ դոլար արժեցող նախագիծը իհարկե հավերժացնելու է առաջին հերթին նեոօսմանական կայսերական հովերով տարված «սուլթան» Էրդողանին, սակայն եթե իրատեսության դիրքերից մոտենանք հարցին, ապա այն գրեթե անիրականացվելի է։

Ավելին, ինչպես շատ մասնագետներ են նշում, այն կդառնա «ներդրումային փլատակների կույտ» քանի որ այն ֆինանսական առումով ապահովված նախագիծ չէ եւ դժվար թե վերազգային կորպորացիաները հետաքրքրվեն մի նախագծով, որը կոչված է լինելու Բոսֆորի նեղուցն իր միջազգային-իրավապայմանագրային համակարգով դարձնել երկրորդական կառույց։