Թաթոյանի ուժը պատրաստ է համագործակցել Փաշինյա...

Քաղաքական դաշտում բոլորը հասկանում են, որ սպասվող ընտրությունների ժամանակ որևէ ուժ 50+ ձայն չի հավաքելու, և անհրաժեշտություն է առաջանալու տարբեր ուժերի համագործակցության։ 50+ չի հավաքելու նաև իշխանությունը, ուստի իրենք էլ գիտակցում են, որ գործընկերների կարիք կունենան։

Ընդդիմադիր դաշտում շատ կարևոր է, որ ՔՊ-ի հետ համագործակցության բացառումը լինի կարմիր գիծ, որպեսզի որևէ ուժ ընդդիմադիր ձայներ չհավաքի, բայց ընտրություններից հետո միանալով Նիկոլ Փաշինյանին՝ նորից օգնի նրան վերարտադրվել։

Քաղաքական դաշտի հիմնական խաղացողները բացառում են Փաշինյանի հետ համագործակցությունը։ Սա բնական դիրքավորում է, քանի որ Փաշինյանը և իր վարած քաղաքականությունը դարձել են Արցախի կորստի, հազարավոր զոհերի և Հայաստանի տարածքների կորստի պատճառ։ Փաշինյանի իշխանությունը հիմա իրականացնում է պրոթուրքական քաղաքականություն։ Սրանք բացառիկ հիմնավոր պատճառներ են, որոնք ստիպում են իրական ընդդիմադիրներին բացառել համագործակցությունը Փաշինյանի և նրա ուժի հետ։

Ահա այս ֆոնին՝ Միքայել Մինասյանի հովանավորյալ Արման Թաթոյանի ստեղծած քաղաքական միավորի երկրորդ դեմքը ոչ միայն չի բացառում Փաշինյանի հետ համագործակցությունը, այլև պնդում է, որ ջանքերը պետք է մեկտեղվեն․«Մենք տարբերվում ենք մյուս քաղաքական ուժերից նրանով, որ ոչ թե մեր խոսույթի մեջ գերակշռում է այսօրվա իշխանությունների քննադատությունը, այլ ավելի շատ մենք ասում ենք՝ ինչ ենք անելու, մեր առաջարկներն ենք ներկայացնում», — 24news-ի հետ զրույցում հայտարարել է Թաթոյանի ստեղծած միավորի թիվ 2-րդ դեմքը՝ Դավիթ Անանյանը։

Լրագրողի ճշտող հարցին, թե Նիկոլին դավաճան անվանելու եզրույթով հանդես չեն գալու՞, Անանյանը պատասխանում է․ «Դա ոչ մի տեղ չի տանում։ Այդ պոստուլատային բաները, այդ պիտակները կպցնելը որևէ լավ բանի չեն հանգեցրել։ Նախկիններ–ներկաներ խոսույթը վերացնելու ենք, արհեստական սև–սպիտակ բաժանումները վերացնելու ենք և առաջարկում ենք՝ միասին ջանքեր գործադրելով գնանք դեպի ապագա»։

Հետաքրքիր է՝ Անանյանն ու Թաթոյանը Փաշինյանի հետ միասնական ջանքերով ի՞նչ են պատրաստվում անել․ պատրաստվու՞մ են Էրդողանի գիրքը համատեղ գրկել, համատեղ շարունակելու՞ են համարել Արցախը Ադրբեջանի մաս, համատեղ ուրանալու՞ են ցեղասպանության զոհերի հիշատակը, համատեղ հարձակվելու՞ են եկեղեցու վրա։

Մյուս կողմից՝ լավ է, որ Արման Թաթոյանը այս պահից արդեն տեղեկացնում է հանրությանը, որ հետընտրական փուլում կարող է միանալ Նիկոլ Փաշինյանին, և գործող իշխանության հետ համագործակցության բացառումը իրենց համար կարմիր գիծ չէ։