
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հրամայել է երեք ամսվա ընթացքում պատրաստել ազգային սահմանադրության առաջին նախագիծը։ Այս մասին Ժնևում ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված լրագրողների ասոցիացիայի համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի հատուկ բանագնաց և նախկին վարչապետ (2019-2024) Մուհամմադ Շտայեն։
«Ես նաև սահմանադրության մշակմամբ զբաղվող հանձնաժողովի անդամ եմ։ Նախագահը մեզ երեք ամիս է տվել Պաղեստինի սահմանադրության առաջին նախագիծն ավարտելու համար։ Այժմ մենք Պաղեստինի ինքնավարությունը կվերափոխենք Պաղեստինի Պետության», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Բանագնացի խոսքով՝ իրավիճակը Գազայի հատվածում շարունակում է անկայուն մնալ՝ չնայած հրադադարի մեկնարկին։
«Մենք ավելի քան գոհ ենք, որ, ինչպես գիտեք, հրադադար է կնքվել, և մենք հույս ունենք, որ այն կայուն կլինի», - ասել է նա ՝ շեշտելով, որ իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։
Շտայեն նաև նշել է, որ պարենային օգնությունը դեռևս լիովին չի հասել Գազա։ Ավելին, Գազա մուտքի ոչ բոլոր կետերն են բաց։
Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի է ունեցել խաղաղության գագաթնաժողով՝ նվիրված Գազայի հատվածում հրադադարի և այնտեղ պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակմանը: Հանդիպման ընթացքում Եգիպտոսի նախագահը, ԱՄՆ-ի, Թուրքիայի նախագահները և Կատարի էմիրը ստորագրել են պաղեստինյան անկլավում հրադադարի մասին հռչակագիր։