Որ քահանան գնաց նրանց ննջեցյալին աղոթք արեց,...

Պետք է պարզապես նայել, թե Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն ինչ է ասում և հաջորդ րոպեին Հայաստանի ղեկավարն ինչ է անում. պետք չի շատ հեռու գնալ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը՝ անդրադառնալով Արագածոտնի թեմի հոգեւորականներին բերման ենթարկելու փաստին։

«Սրանից առաջ էլ Փաշազադեն հայտարարեց, որ մեր եկեղեցին տեռորիստական կազմակերպություն է, որից հետո հարձոկում եղավ Էջմիածնի վրա։ Նա ինչ խոսում է, հետո սրան ասում է՝ արա։ Սա նորություն չէ։

Ասենք, Վեհափառը դուրս եկավ, սա մեկին բերեց, դրեց։ Կգա մի ազգային ուժ, սրա բերածին կասի՝ գիտես, դու ապօրինի ես  եկել։ Հիմա դու գնա, թող ուրիշը գա։ Դուք պատկերացնու՞մ եք ինքը ինչի մեջ է ուզում ներքաշել եկեղեցին։ Իսկ եկեղեցին, մենք գիտենք, որ դարեր շարունակ մեր հայ տեսակը, հայ որակը պահել է։

Այսինքն ինքը արմատներին է հարվածում։ Ինքը հայկականի հետ ոչ մի կապ չունի, բնականաբար, ամեն հայկական ուզում է ոչնչացնել։ Դարեր շարունակ թուրքը չկարողացավ անել, հիմա ինքը փորձում է անել, վերջին ճիգերն է գործադրում»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ այս ամենի հիմքում Տեր Արամի հնչեցրած հայտարարություններն են, որ 2021–ին իրենց հարկադրել են մասնակցել ցույցերին, Տեր Ահարոն քահանա Մելքումյանն ասաց. «Վարդան Այգեկցին ասում է՝ քահանայություն կա Աստծուց է, քահանայություն կա սատանայից է։ Հիմա Քրիստոսի հետ էլ 12 առաքյալ շրջեցին, մեկը սեփական շահի համար մատնեց Հիսուսին։

Առհասարակ, Հուդայի վախճանը կախաղանն է, ով ուզում է՝ լինի։ Մյուս կողմից էլ չեմ կարծում, որ այդ քահանան, որ խոսել է, ինքը ցանկացել է որ նման բաներ լինեն։ Չեմ ուզում հավատամ, որ հոգևորական ընդունակ է նման բաների։ Պարզապես սրանք օգտագործել են»։

Հարցին՝ Եկեղեցու դեմ այս քայլերը կստիպե՞ն, որ կաթողիկոսը հեռանա, նա պատասխանեց. «Սատանան տակից եկեղեցու դեմ աշխատել է։ Տեսեք, պարսկական արշավանքներ, Ավարայր, հետո արաբական արշավանքներ, նորից հալածանք եկեղեցու դեմ, նորից կրոնափոխության խնդիրներ։ Հետո նայում ենք մոնղոլ-թաթարական արշավանք, նույն պատմությունը, հետո սերջուկ-թուրքական արշավանք, էլի նույն պատմությունը։ Եկեղեցին անցել է այդպիսի բաների միջով։

Պիտի հիասթափեցնեմ. Վեհափառը ամուր է կանգնած իր դիրքերում, հալածանքներ հոգևորականները տեսել են դարերի ընթացքում, հալածանքներից ոչ մեկ չի վախենում։ Մյուս կողմից էլ մենք ունենք մի բան, որ աշխարհում ոչ մեկ չունի՝ դա մեր խոսքն է։ Ես դեռ չեմ  ասել՝ դու նզովյալ լինես յոթը պորտով, հերթով թաղումներ անեն։ Դեռ չեմ ասել, բայց մի օր կասեմ, եթե համը հանեց։ Ու Ով գնացել է եկեղեցու վրա, թող զգույշ մնա։ Եթե քահանա էլ գնա դրանց թաղում անի, նզովքի է վերածվել։ Ով գնացել է եկեղեցու դեմ, եկեղեցու դուռ է փակել կամ եկեղեցականի վրա է հարձակվել, նրանց ննջեցյալին քահանան գնաց, աղոթք արեց, նզովք է դառնալու։ Իրենք անթաղ պիտի մեռնեն, որովհետև դրանք հայ չեն, հայը իր ինքնության դեմ դուրս չի գա»։