Եվրոպական երկրները մանրամասն բանակցություններ են վարում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու շուրջ, եթե պատերազմը դադարեցվի կամ սառեցվի, տեղեկացրել են Reuters-ի աղբյուրները։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ նման առաքելության նվազագույն չափը գնահատվում է 40 հազար զինվոր։ Այնուամենայնիվ, կարծիք կա, որ 100 հազար զինվորական կպահանջվի Ուկրաինային ռուսական ագրեսիայի կրկնությունից պաշտպանելու համար, ասել է եվրոպական անվտանգության ծառայությունների ներկայացուցիչը։
Զորակազմի հիմքը կարող են կազմել հինգից ութ երկրների զինվորականները, այդ թվում՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Լեհաստանի։ Վերջնական չափը կախված կլինի ներկայում քննարկվող ձեւաչափից: Այսպիսով, Իտալիան հանդես է գալիս խաղաղապահ առաքելության օգտին, մինչդեռ Ֆրանսիան եւ Ուկրաինան կենտրոնանում են Ռուսաստանին զսպելու վրա:
Երկրները քննարկում են նաեւ, թե ում հովանու ներքո է զորախումբը տեղակայվելու։ Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոն ասել է, որ խաղաղապահները պետք է գործեն ՄԱԿ հովանու ներքո: Սակայն այլ պաշտոնյաներ ասում են, որ դա Ռուսաստանի համար չափազանց մեծ ազդեցություն կապահովի, քանի որ նա ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է:
Վերլուծաբաններն ասում են, որ եվրոպացիները պետք է համոզեն ԱՄՆ-ին մասնակցել առաքելությանը, թեկուզ հետախուզության եւ այլ օպերատիվ աջակցության տեսքով: Միեւնույն ժամանակ, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնի եւ Վլադիմիր Զելենսկու հետ վերջին բանակցությունների ժամանակ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է ամերիկյան զորքերի օգտագործումը հրադադարի ռեժիմը վերահսկելու համար։
Աղբյուրները նաեւ նշում են, որ Ուկրաինա զորքեր ուղարկելը կմեծացնի Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության վտանգը եւ եվրոպական երկրների զինված ուժերի բեռը, որոնք սովոր են ապավինել ԱՄՆ աջակցությանը։ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի աշխատակից Ֆրանց-Ստեֆան Գադիի տեսանկյունից՝ 100 հազար խաղաղապահների հատկացումը ԵՄ երկրներին կստիպի ընդլայնել իրենց ցամաքային ուժերը եւ նվազեցնել մասնակցությունն այլ առաքելություններին, օրինակ՝ Բալկաններում։
Շատ այլ հարցեր մնում են ոչ հստակ, այդ թվում՝ զենքի կիրառման հնարավոր պայմանները: «Ի՞նչ կլինի, եթե եվրոպացի զինվորը գնդակահարվի», հարցնում է ֆրանսիացի զինվորականներից մեկը, որը հարցազրույց է տվել Reuters-ին: