
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում մի շարք ցուցահանդեսներ են անցկացվելու ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր քաղաքաներում։ Այսօր հրավիրված ասուլիսում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ ապրիլի 23-ին ժամը 15։00-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ «Փաստագրելով հանցագործությունը․ Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով։
«Իր ծավալով, բնույթով ու ներկայացված նյութերի խորացությամբ այս ցուցադրությունը եզակի է լինելու։ Մեր առջև խնդիր էր դրված ներկայացնել այնպիսի ցուցադրություն, որը տարբերվի նախորդներից։ Ցուցադրության շրջանակում անդրադառնալու ենք բոլոր այն մարդկանց՝ դիվանագետներին, միսիոներներին, լրագրողներին, որոնք հենց Օսմանյան կայսրությունում էին Հայոց ցեղասպանության տարիներին։ Նրանք իրենց հրապարակումների, նամակների, լրագրողական հետաքննությունների, լուսանկարների միջոցով փաստագրում էին հանցագործությունը։ Ահա այդ ամենը մենք ներկայացնելու ենք»,-ասաց Էդիտա Գզոյանն՝ ընդգծելով, որ նշված նյութերի ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ այդ մարդկանց կիրառած բառամթերքը խոսում է հենց ազգի բնաջնջման մասին։
Երկու տասնյակից ավելի երկրների դիվանագետներից, լրագրողներից բացի ցուցահանդեսին հատուկ անդրադադարձ կա Օսմանյան կայսրությանը։ Անդրադարձ է կատարվել նաև Կոստանդնուպոլսի դատավարություններին։ Ցույց է տրվում, որ Օսմանյան կայսրությունում իրավական, դատական պրոցեսների միջոցով ճանաչվել է Հայոց ցեղասպանության փաստը։
«Խոսել ենք այն հանձնաժողովների մասին, որոնք այդ ժամանակ ստեղծվեցին հավաքագրելու համար այդ ամբողջ նյութերը, որոնք հետագայում հիմք հանդիսացան այդ դատական պրոցեսների համար։ Ներկայացրել ենք նաև թուրքական մամուլում տեղ գտած տեղեկությունները, որոնցով փաստագրվում էր Հայոց ցեղասպանությունը»,-նշեց թանգարան-ինստիտուտի տնօրենը։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ թանգարան-ինստիտուտը նախաձեռնել է մի շարք ցուցահանդեսներ այլ երկրներում։ Մասնավորապես, Բուխարեստում արդեն բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պատրաստված ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացվել են հայ կանայք Հայոց ցեղասպանության տարիներին։
Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում ապրիլի 23-ին և 24-ին կբացվի կրկին թանգարան-ինստիտուտի կողմից պատրաստված 2 ցուցադրություն։ Լեհաստանում ևս նախատեսվում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացում։ Էդիտա Գզոյանը նշեց, որ ցուցահանդեսի շրջանակներում շեշտադրում լինելու է ինչպես ընդհանուր իրադարձությունների վրա, այնպես էլ կարևորվելու են առանձին հայ ընտանիքների պատմությունները։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ակտիվ համագործակցում է Կանադայում գործող հայկական Զորյան ինստիտուտի հետ։ Ինստիտուտները համատեղ պատրաստել են ցուցադրություն «Կանայք՝ խտրականությունից դեպի զորացում» խորագրով։ Էդիտա Գզոյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը շրջելու է և ներկայացվելու է Կանադայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում։
Տարվա ընթացքում ցուցադրություններ նախատեսված են նաև Հայաստանի տարբեր քաղաքներում։ Այս պահին հաստատված է Գյումրին ու Աբովյանը։