
Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ԱՄՆ իշխանությունների հետ։ Հինգշաբթի Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
«Մենք՝ եվրոպացիներս, կաջակցենք այդ ամերիկյան նախաձեռնությանը պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և ես խոստացա [սենատոր] Լինդսի Գրեհեմին, որ մենք կփորձենք համակարգել պատժամիջոցների այդ երկու փաթեթները՝ թե՛ բովանդակային, թե՛ ժամկետային առումով»,-Ֆրանսպրեսին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Մեկ օր առաջ հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել էր, որ ԱՄՆ խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը։ Ըստ նրա՝ օրենքը նախատեսում է պատժամիջոցներ ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ 500- տոկոսանոց մաքսատուրք Կրեմլից նավթ, գազ և ուրան գնող պետությունների նկատմամբ։
Փաստաթուղթը ստացել 72 սենատորի աջակցությունը, ինչը հնարավբորություն կտա հաղթահարել նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր վետոն։ «Պուտինը մեծ սխալ կգործի, եթե փորձի խաղալ Թրամփի հետ», -հայտարարել է Գրեհեմը՝ նշելով, որ օրենքը կդառնա Պուտինին բանակցային սեղանի շուրջ հարկադրաբար նստեցնելու գործիք։
Բարոն հայտարարել է նաև, որ եվրոպական նոր պատժամիջոցների նպատակն է մեծացնել ճնշումը Մոսկվայի վրա, եթե նա հրաժարվի համաձայնվել հրադադարին։ Ըստ նրա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «որևէ ջանք չի գործադրել» և Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու պատրաստակամության ոչ մի ազդանշան չի տվել։
«Կարծում եմ՝ հիմա բացարձակապես ակնհայտ է, որ Ուկրաինայում խաղաղության միակ խոչընդոտը Վլադիմիր Պուտինն է»,-ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարարը։ Նա նաև ասաց, որ Ուկրաինան «կատարել է գործարքի իր մասը»՝ նկատի ունենալով Կիևի համաձայնությունն անհապաղ, անվերապահ հրադադարի վերաբերյալ, որի մասին խոսել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։