Գազայում իսրայելական հարվածների զոհերի թիվը գ...

Գազայի հատվածում 2023 թ. հոկտեմբերի 7-ից հետո իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 60 034-ի, հայտնել է պաղեստինյան անկլավի Առողջապահության նախարարությունը։ Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն։ 

Վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 113 մարդ, 600-ից ավելին վիրավորվել է։ Այսպիսով, վիրավորների ընդհանուր թիվը հասել է գրեթե 146 000-ի։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սովից ու թերսնուցումից Գազայի հատվածում մահացածների թիվը մոտենում է 150-ի։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հայտնել է, որ չնայած Իսրայելի հայտարարած հումանիտար դադարներին և օգնության մուտքի սահմանափակումների մեղմացմանը, բավարար չափով հումանիտար օգնություն մուտք չի գործում անկլավ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել՝ հայտարարելով, որ նպատակ ունի ոչնչացնել ՀԱՄԱՍ շարժումը, որի զինյալները 2023 թ. հոկտեմբերի 7-ին ներխուժել էին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 250-ին։ Պատանդների մի մասը դեռ պահվում է ՀԱՄԱՍ-ի մոտ։