
Իրան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի ղեկավար Մուհամմադ Ռեզա Դամավանդին բարձր է գնահատում Երևանի ու Թեհրանի միջև հարաբերությունների ներկա քաղաքական մակարդակը, սակայն, միաժամանակ, նկատում է, որ երկկողմ համագործակցության և կապերի մյուս ոլորտներն առավել խորացնելու և զարգացնելու անհրաժեշտություն կա։ Փորձագետը նաև Իրանի դիրքերը Կովկասում ամուր պահելու համար մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը։
Ինչպես հայտնում է IRNA-ն, իրանցի փորձագետը նման տեսակետ է արտահայտել Թեհրանի համալսարանի և IRNA գործակալության՝ «Իրան-Հայաստան հարաբերություններ. անցում տարածաշրջանային և համաշխարհային նոր կարգի» խորագիրը կրող համատեղ հանդիպմանը։
Դամավանդին արձանագրել է` Հայաստանի ու Իրանի միջև հարաբերությունները պատմական և մշակութային են։
«Հայերը հազարավոր տարիներ ապրել են Իրանում։ Միայն մեր կրոնն է տարբեր, և մեր հարաբերությունների մակարդակը ոչ մի կերպ չի կարող համեմատվել մեր մշակութային և պատմական առնչությունների խորության հետ»,-ասել է փորձագետը։
Անդրադարձ կատարելով հայ-իրանական տնտեսական կապերին՝ փորձագետը նկատել է, որ Երևանի ու Թեհրանի միջև տնտեսական հարաբերություններն իսկապես ցածր են և նույնիսկ մեկ միլիարդ դոլարի չեն հասնում։
Նրա բնորոշմամբ՝ Կովկասն Իրանի արտաքին քաղաքականության վերջին տասնամյակների բացակայող օղակ է եղել․ «Մենք միշտ ուշադրություն էինք դարձնում այլ աշխարհագրական տարածքներին և անտարբեր էինք Կովկասի նկատմամբ։ Մեր արձագանքը Կովկասի նկատմամբ պասիվ էր։ Խորհրդային Միության փլուզումից անցել է 34 տարի, բայց մենք չունենք հավասարակշռված և հստակ քաղաքականություն այս տարածաշրջանի նկատմամբ։ Մեր դեսպանները Բաքվում և Երևանում հակասական հայտարարություններ են անում, և յուրաքանչյուր հայտարարություն հակասում է մյուսին»։
Մուհամմադ Ռեզա Դամավանդին իր խոսքում, հղում կատարելով Իրանի զինված ուժերի միացյալ շտաբի հանգուցյալ պետ Շահիդ Մոհամմադ Բաղերիի (խմբ․՝ զոհվել է Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ) «Կովկասի աշխարհաքաղաքական վերլուծություն. տարածաշրջանում ավելի լավ արտաքին քաղաքականության ձևավորման հիմք» գրքին, նկատել է, որ Բաղերին 1980-ական թվականներից ի վեր հասկացել էր Կովկասի կարևորությունը և իր թեզը նվիրել էր այս տարածաշրջանի ուսումնասիրությանը։
«Սակայն մենք դեռևս չենք հասկացել ոլորտի իրականությունը, և մեզ մոտ չի ձևավորվել այս տարածաշրջանին ուշադրություն դարձնելու կամքը։ Գեներալ-մայոր Բաղերին Հարավային Կովկասի մասին իր գրքում հստակ գրել է, որ մենք պետք է կառուցենք Հայաստանի ճանապարհները, որպեսզի Հարավային Կովկասում գերիշխող դիրք ունենանք, բայց, ցավոք, դա իրականացնելու կամք չկա»,-շեշտել է իրանցի փորձագետը։
Վերջինս նաև ընդգծել է Իրանի համար Հայաստանի կարևոր դերը Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցները հաղթահարելու հարցում։
«Պատժամիջոցների շրջանում Հայաստանը ցույց տվեց, թե որքան արդյունավետ կարող է լինել տարածաշրջանային և համաշխարհային շուկաներ մեր մուտքի հարցում»,-ասել է փորձագետը։
Խոսելով տնտեսական կապերի վերաբերյալ՝ Դամավանդին Իրանի և Հայաստանի միջև Արաքս գետի վրայով անցնող առաջին կամուրջը անբավարար է համարել Հյուսիս-հարավ միջանցքի իրականացման համար։
«Եթե Չաբահարը պետք է միացվի Սև ծովին Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում, ապա մեզ անհրաժեշտ է երկրորդ կամուրջ, քանի որ միայն առկա կամուրջը չի կարող սպասարկել անցնող բեռնատարների մեծ ծավալը»,-շեշտել է նա։
Փորձագետը հանդիպման ժամանակ ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ հայկական լոբբին մեծ դեր ունի աշխարհի տարբեր երկրների քաղաքական ասպարեզում՝ հավելելով, որ այն կարող է «արդյունավետ լինել երկրների քաղաքական մոտեցումն Իրանի նկատմամբ փոխելու գործում»։
Իրան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ վերջին տասնամյակներում Իրանի դերն անկում է ապրել հայկական շուկայում։
«Հայկական շուկան մի ժամանակ ամբողջությամբ մեր ձեռքում էր, բայց քանի որ մենք կարծում էինք, որ միշտ այսպես կլինի, մենք անտեսեցինք այն, և եթե այս անտեսումը շարունակվի, մենք կարող ենք կորցնել այն»,-ասել է Դամավանդին։
Վերջինս նաև խոսել է նաև Հայաստանի ու Իրանի համատեղ ֆիլմարտադրության մասին՝ նկատելով, որ դրա բացակայությունը խոսում է երկու երկրների միջև մշակութային և սոցիալական փոխանակումների ոլորտում անգործության մասին։