![ԵՄ-ն առաջին անգամ պատրաստվում է պատժել Չինաստ...](/imgs/posts/medium/2023/05/9e44294.jpeg)
Եվրահանձնաժողովն առաջին անգամ պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանին սարքավորումներ մատակարարող 7 չինական ընկերությունների։ Սարքավորումներն, ըստ թերթի, կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։ Երկուշաբթի՝ մայիսի 8-ին, այս մասին հաղորդել է Financial Times-ը: Նրա տվյալներով՝ ԵՄ անդամ երկրները առաջիկա օրերին կդիտարկեն ցուցակը։ Այդ ընկերություններից մի քանիսն արդեն հայտնվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում, սակայն Եվրամիությունը մինչ օրս խուսափել է Պեկինի հետ առճակատումից՝ համաձայնելով, որ ՉԺՀ-ի կողմից Մոսկվային ուղղակի զենք վաճառելու ապացույցներ չկան, գրում է թերթը։
«Հաշվի առնելով ռուսական ռազմարդյունաբերական համալիրի համար էլեկտրոնային բաղադրիչների առանցքային դերը Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմին աջակցելու համատեքստում, տեղին է ներառել (պատժամիջոցների ցանկում) երրորդ երկրների որոշ սուբյեկտների, որոնք շրջանցում են առեւտրային սահմանափակումները, ինչպես նաեւ ռուսական առանձին ձեռնարկությունների, որոնք զբաղվում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի համար էլեկտրոնային բաղադրիչների մշակմամբ, արտադրությամբ եւ մատակարարմամբ»,- մեջբերում է FT-ն պատժիչ միջոցների վերաբերյալ Բրյուսելի առաջարկը։
Պատժամիջոցների ցանկը պահանջում է Եվրամիության 27 պետությունների միաձայն հավանությունը՝ նախքան դրա ուժի մեջ մտնելը։ Բացի այդ Եվրահանձնաժողովն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել որոշ իրանական ընկերությունների նկատմամբ, որոնք զբաղվում են անօդաչուների արտադրությամբ եւ մատակարարմամբ Ռուսաստան, նշում է հրատարակությունը։ Միեւնույն ժամանակ Բրյուսելը, խոչընդոելով նավթի անօրինական արտահանմանը, առաջարկում է նավթայի տանկերներին, որոնք առանց հիմնավոր պատճառի թաքցնում են իրենց գրանցման նավահանգիստը, արգելել մտնել ԵՄ նավահանգիստներ։