Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պ...

Մոսկվան իր միջնորդական ջանքերն է առաջարկում կողմերին, ասում են՝ պատրաստակամ են խաղաղության բանակցություններին աջակցել, հնարավոր է ՀՀ-ն ամեն դեպքում կդիտարկի Մոսկվայի միջնորդական ջանքերն ընդունելու առաջարկները:

Քիչ հավանական եմ համարում, բայց մենք յուրաքանչյուր առաջարկ, եթե դա կոնկրետ է լինում, քննարկում ենք և պատրաստ ենք քննարկել, բայց անցած փորձը շատ վատ հուշեր է թողել և վերջիվերջո մենք չունենք շատ հարցերի պատասխաններ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով պաշտոնական Մոսկվայի առաջարկներին, թե կարող են միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում:

«Օրինակ՝ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի հետ կապված ՌԴ դիրքորոշումը, մենք Հայաստան-Ռուսաստան միջպետական պայմանագիր ունենք, չէ՞: Առնվազն Ռուսաստանը պետք է գործողություն իրականացներ, բայց նույնիսկ քաղաքական գնահատական չեղավ, ի պատասխան հնչեցվեց, թե ձեր սահմանը դելիմիտացված չէ:

Հիմա գալ ասել՝ գիտեք ինչ, մենք կարող ենք միջնորդ հանդիսանալ ընդունում եք չէ՞, որ հայկական կողմը կարող է դրան թերահավատորեն մոտենալ: Բացի այդ նոյեմբերի 9-ի պայմանագրով ռուս խաղաղապահներն այնտեղ էին և պետք է պաշտպանեին հայ ժողովրդին, և որտեղ են հիմա այդ խաղաղապահները և որտե՞ղ է Ղարաբաղում բնակվող հայ ժողովուրդը»,- ասաց Սիմոնյանը:

Դիտարկմանը՝ դուք եք ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի տարածք, նա ասաց. «Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է, որը պետք է երաշխավոր հանդիսանար և որի զորքերը պետք է այնտեղ գտնվեին, բայց նոյեմբերի 9-ի հայտարարությունից մի քանի օր հետո, ՌԴ նախագահը հայտարարեց, թե դա Ադրբեջանի տարածք է միջազգայնորեն ճանաչված և դրանից հետո ևս մեկ անգամ դեկտեմբերի 11-ին, ապա մեկ ամիս անց էլ կրկնեց: Դրանից հետո ՀՀ-ին դրա մեջ մեղադրելը խուսափոխական գործելաոճ է: Ամբողջ աշխարհը, նույնիսկ ՌԴ ներսում շատ լավ գիտեն, թե ինչ տեղի ունեցավ, և ինչպես նրանք մեզ մենակ թողեցին»:

Անդրադառնալով էսկալացիայի հնարավորությանը Սիմոնյանն ասաց, որ ռազմական էսկալացիայի վտանգի գնահատական չի ուզում տալ, որովհետև այդ էսկալացիայի հավանականության տրամաբանության մեջ ՀՀ-ն մշտապես է աշխատում 2020 թվականից սկսած:

«Միշտ յուրաքանչյուր պահի իրենց գործելաոճով կարող են հայտարարել, որ մենք ինչ-որ բան ենք անում, չենք ուզում խաղաղություն: Իրենք միլիարդներով զենք են գնում՝ մի քանի մեծ երկրի հետ պատերազմելու բավարար, և մեզ մեղադրում են մի քանի զրահապատ մեքենա գնելու մեջ և դա սարքել են խոսակցական թեմա: Մենք միշտ բարձր ենք գնահատում էսկալացիայի հնարավորությունը, բայց թուլանալու և մտածելու՝ ոչ մի բանի կարիք չկա, դրա իրավունքը չունենք»,- շեշտեց ԱԺ նախագահը: