![«Ես կուզեի, որ բոյկոտի 2-րդ օրը ամբողջ քաղաքը...](/imgs/posts/medium/2025/02/9ed860e.png)
«Ես՝ որպես ավագանու ընդդիմադիր անդամ, կուզեի, որ բոյկոտի 2-րդ օրը ամբողջ քաղաքը պարալիզացվեր, որևէ մեկը չվճարեր, Տիգրան Ավինյանն էլ հրաժարական տար։ Բայց քանի որ ապրում ենք ոչ թե իմ երազանքերի աշխարհում, այլ ՀՀ–ում, ես դրան վերաբերում եմ՝ իբրև առողջ գրծընթացի և մեխանիզմի, որն ունի բարձրացող դինամիկա»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ավագանու նիստի ընդմիջմանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով հանրային տրանսպորտի թանկացման բոյկոտի տեմպերին։
«Լրագրողներն իրենք են մոտեցել քաղաքացիներին և հարցեր ուղղել, նրանց էլ կարող եք հարցնել՝ բոյկոտողները պակասու՞մ են, թե շատանում։ Եթե նրանք պնդում են, որ 2019 թվականին եղել է 478 հազար ուղևորություն, 2014 թվականին՝ 550 հազար ուղևորություն, արդյո՞ք հնարավոր է, որ 2025 թվականին լինի 200 հազար։ Այսօր հրապարակվեց հունվար ամսվա ուղևորությունների թիվը, որն, ինչպես բոլորդ գիտեք, ամենապասիվ ամիսն է։ Եթե բոյկոտը չի հաջողել, ինչու՞են հունվար ամսվա թվերն ավելի շատ, քան փետրվարինը»,–ասաց Սամվել Հակոբյանը։
Ավագանու անդամը նշեց, որ բոյկոտը շարունակվելու է, պահանջը նույն է մնալու։
«Արդեն կա ֆիքսված հաղթանակ՝ 300–ը դարձել է 150։ Սա վերջնական հաղթանակ կլինի, թե ընթացիկ՝ ժողովուրդը կորոշի»,–ասաց Սամվել Հակոբյանը։
Ավագանու ընդդիմադիր անդամը նշեց, որ եթե քաղաքային իշխանությունը մերժի իրենց կողմից ներկայացված նախագիծը, որի տակ 17 հազար քաղաքացի է ստորագրել, «Մայր Հայաստան» խմբակցությունն օգտագործելու է տեղական հանրաքվեի գործիքակազմը։
«Մեր նախագիծը հետևյալն է՝ 100 դրամը մնում է 100 դրամ, իսկ խոցելի խմբերը հանրային տրանսպորտից օգտվում են անվճար»,–նշեց Սամվել Հակոբյանը։