ԵՄ-ՀՀ հարաբերությունները երբեք այնքան սերտ չե...

Եվրամիության (ԵՄ) հետ մերձեցման գործընթացը թափ է հավաքում, սակայն Հայաստանը դեռ պաշտոնական հայտ չի ներկայացրել անդամակցության համար, «Իզվեստիա»-ին հայտնել են Եվրահանձնաժողովից։

«Հայաստանում ընթացող քննարկումները ցույց են տալիս Եվրամիության ու նրա արժեքների գրավչությունը։ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան հիմա: Վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում 10 միլիոն եվրոյի չափով աջակցությունը ցույց տվեցին դա»,- ռուսական պարբերականին ասել են Եվրահանձնաժողովից:

Բրյուսելը նաև հիշեցրել է, որ ԵՄ-ն «Հայաստանի կայունություն և աճ» ծրագրի միջոցով ավելացրել է ֆինանսական աջակցությունը 2024-2027 թվականների համար՝ 270 միլիոն եվրոյի չափով: Այս ծրագիրն ուղղված է երկրի սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը, առևտրի, տրանսպորտային հաղորդակցությունների և էներգետիկ անվտանգության զարգացմանը։

Բրյուսելում խոստացել են նաև հայ գործընկերների հետ քննարկել եվրաինտեգրման մասին օրինագիծը։ Չնայած այն հանգամանքին, որ իրավաբանորեն ԵՄ անդամակցության հարցը դեռ օրակարգում չէ, Հայաստանն արդեն գնում է դեպի ԵՄ-ի հետ ավելի խորը գործընկերություն։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ 

Հարցը կընդգրկվի առաջիկա ԱԺ լիագումար նստաշրջանի օրակարգ, որը կմեկնարկի փետրվարի 11-ից: