«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետիսյանը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհեռանա զբաղեցրած պաշտոնից, սակայն առանց պետական համակարգից դուրս մնալու։
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Կառավարությունում քննարկվում է նրա նոր նշանակման հարցը։ Արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների հաղորդմամբ՝ համապատասխան հանձնարարական է տրվել գտնել այնպիսի պաշտոն, որտեղ Ավետիսյանի փորձը հնարավոր կլինի օգտագործել արտաքին տնտեսական համագործակցության ուղղությամբ։
Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվում է նրա տեղափոխությունը Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նա կարող է համակարգել տնտեսական և գործարար կապերի զարգացման ուղղությունը։ Թեև վերջնական որոշում դեռևս չի կայացվել, մեր տեղեկություններով՝ ԱԳՆ-ում արդեն իսկ համապատասխան հաստիք կամ գործառույթ են փնտրում նրա նշանակումն ապահովելու համար։
Հատկանշական է, որ Անուշիկ Ավետիսյանը Արտաքին հետախուզության ծառայության աշխատակից Արման Բոշյանի կինն է։ Թե որքանով է այս հանգամանքը որևէ դեր խաղում կադրային քննարկումների ընթացքում, պաշտոնական մեկնաբանություն առայժմ չկա»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



