Հաջորդ հինգ տարիները Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համար ավելի ծանր են լինելու, քան նախորդները ԵՄ-ի ներքին ճգնաժամերի եւ անվտանգային մարտահրավերների հետ կապված։ Այս մասին նշվել է Politico թերթի հրապարակման մեջ։
«Երկրորդ ժամկետը [ֆոն դեր Լյայենի համար] կարող է ավելի մեծ մարտահրավեր լինել, քան առաջինը»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Վիրգինիյուս Սինկյավիչյուսը։ Թերթը նշել է, որ դա կապված է առաջին հերթին Ուկրաինայում շարունակվող հակամարտության, Եվրոպայում աջ կուսակցությունների խորացող ազդեցության ուժեղացման, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահի ընտրությունների հետ, որոնց արդյունքում իշխանությունը նորից կարող է անցնել Դոնալդ Թրամփին։
«Հաջորդ հինգ տարիները կդառնան քաղաքական ականադաշտ»,- կարծիք է հայտնել անունը չնշած եվրոպացի պաշտոնյան։ «Այդ առնչությամբ նա (ֆոն դեր Լյայենը) ստիպված կլինի ընդունել մի շարք կարեւոր որոշումներ Եվրամիության ապագայի, նրա բյուջեի մասին՝ հաշվի առնելով մարտական գործողություններն Ուկրաինայում եւ ընտրություններն ԱՄՆ-ում»,- ավելացրել է թերթի զրուցակիցը։ Թերթը նշել է, որ Եվրախորհրդարանում տարաձայնություններն ավելի շատ են, քան երբեւէ, վիճակը լավ չէ նաեւ ԵՄ ղեկավարների մակարդակով։ Մասնավորապես, Ֆրանսիան եւ Գերմանիան, որոնք համարվում էին ԵՄ «ինտեգրման շարժիչը», քաղաքականապես թուլացել են եւ զբաղված են ներքին խնդիրներով։
Եվրամիության համար հեշտ չէ ավելացնել պաշտպանական եւ միաժամանակ կանաչ էներգետիկայի ծախսերը, քանի որ մինչ այժմ միջոցների մեծ մասը հատկացվել է գյուղատնտեսության եւ ենթակառուցվածքի շինարարության աջակցմանը միության պակաս զարգացած շրջաններում։ Բացի այդ, գրել է պարբերականը, հավանաբար, հաջորդ հինգ տարիների ընթացքում ԵՄ-ը պետք է պատրաստվի ընդլայնման նոր փուլին եւ համոզի Եվրամիության ներկա անդամներին, որ դա անհրաժեշտ է։ «Իր առաջին ժամկետի ժամանակ նա (ֆոն դեր Լյայենը) ճգնաժամային մենեջեր էր։ Հիմա նա պետք է համոզի [իրեն եւ մյուսներին], որ ԵՄ-ը պահպանում է իր ակտուալությունը, հավասարակշռի բյուջեն եւ միությանը պատրաստի ընդլայնման։ Նման ներքին ռեֆորմները հաճախ կոտրում են եվրոպացի քաղաքական գործիչներին»,- նշել է պաշտոնյան, որի կարծիքը մեջբերել է թերթը։
«Միջազգային դրությունը ԵՄ-ի շուրջ էլ ավելի է կոշտանում, ուստի [Եվրամիության երկրների] միասնության եւ նրանց գործողությունների պահանջները կլինեն նույնքան խիստ»,- ասել է Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության գերմանական ինստիտուտի քաղաքագետ Նիկոլայ ֆոն Օնդարզան։ Politico-ն նշել է, որ նախորդ հինգ տարիներին ԵՀ ղեկավարը «մանեւրելու տարածք ուներ», հիմա այն կարող է չլինել։ Ինչպես նշել է թերթը, հույսն այն է, որ ֆոն դեր Լյայենի հարաբերությունները Եվրոպական խորհրդի նոր ղեկավար, Պորտուգալիայի կառավարության նախկին ղեկավար Անտոնիու Կոշտայի հետ ավելի լավը կլինեն, քան Շառլ Միշելի հետ էին, եւ դա կօգնի հաղթահարել նոր դժվարությունները։