Եգիպտոսը հանդես է գալիս Իրանի հետ ավիահաղորդա...

Եգիպտոսի իշխանություններն առաջադրել են պայմաններ Իրանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման համար։ Ինչպես  տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքի աղբյուրը։

Ըստ հեռուստաալիքի զրուցակցի տեղեկատվության՝ Կահիրեի պայմաններից մեկն օդային հաղորդակցության աստիճանական վերականգնումն է։ Եգիպտոսը նաև առաջադրել է անվտանգության որոշ պահանջներ։ Աղբյուրի պնդման համաձայն՝ երկու երկրների պատվիրակություններն Իրաքում խորհրդակցություններ կանցկացնեն դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման հարցով։ Թե երբ կարող է կայանալ այդ հանդիպումը, չի նշվում։

Ինչպես հուլիսի 2-ին հաղորդել է Tasnim գործակալությունը,    Եգիպտոսն ու Իրանը մտադիր են օգոստոսին վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը։ Երկար տարիների ընթացքում Թեհրան - Կահիրե երթուղով առաջին չվերթը կկայանա 45 օրից․ կողմերը կդադարեն օգտագործել Իրաքը՝ որպես թռիչքների տարանցիկ կանգառ։

Կահիրեի և Թեհրանի միջև կապերը խզվեցին 1980 թվականին Իսլամական հեղափոխությունից հետո, երբ Եգիպտոսն ապաստան տվեց Իրանի գահընկեց արված շահ Մուհամմեդ Ռեզա Փահլավիին: Բացի այդ, երկկողմ հարաբերությունների վրա ազդել է Արաբական Հանրապետության և Իսրայելի միջև հաշտության համաձայնագրի ստորագրումը։ Հարաբերությունների կարգավորման ուղեգիծը երկրներն սկսել են միայն 2010թ.-ին:

Մայիսի 21-ին Օմանի սուլթան Հայսամ բեն Թարեկ Ալ Սայիդն այցելել էր Կահիրե և հանդիպում ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ։ Մեկ շաբաթ անց սուլթանության ղեկավարը պաշտոնական այցով ժամանել էր Թեհրան, որտեղ հանդիպել էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Մայիսի 30-ին Իրանի կառավարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ռայիսին արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Եգիպտոսի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման համար: