Էական փոփոխության արդյունքում ներդրում անելը,...

Հայաստանում նոր ներդրումները խթանելու, ներդրումային միջավայրը բարելավելու, օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը գործարարության համար բարենպաստ միջավայր դարձնելու նպատակով մշակվել է Հայաստանի ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզ՝ մշակված միջազգային լավագույն փորձի հիման վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 22-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագիրը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին փոխանցեց ճանապարհային քարտեզը:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

«Փաստաթուղթը մարմնավորում է միջազգային լավագույն  մոտեցումներն ու ստանդարտները՝ հարմարեցված Հայաստանի պայմաններին: Այն գործողությունների ծրագիր է: Այս ճանապարհային քարտեզը կարող է ծառայել որպես ուղեցույց, որը օտարերկրյա ուղղակի ներդրումները կուղղորդի Հայաստան»,-ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն՝ վստահեցնելով, որ պատրաստակամ են օգնելու Հայաստանին այդ կարևոր նախաձեռնությունն իրականացնելու ճանապարհին:

Փաստաթուղթը ստեղծվել է միջազգային և տեղական փորձագետների համատեղ ջանքերով, առաջարկել են միջազգային լավագույն փորձից բխող լուծումներ՝ հաշվի առնելով Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկությունները: Էկոնոմիկայի նախարարության մասնագետները ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի փորձագետների հետ բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ են ունեցել ճանապարհային քարտեզի մշակման ընթացքում:

Ալլելոն ընդգծեց, որ Հայաստանում մեծ առաջընթաց են տեսել ոլորտում: Նոր ծագող խնդիրները հասցեագրելու համար էլ հենց 2020-ին ԱՄՆ ՄԶԳ-ն սկսել է «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագիրը:  Նա վստահեցրեց, որ կշարունակեն Հայաստանի հետ համագործակցությունը՝ այդ ճանապարհային քարտեզի իրականացման ճանապարհին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ Հայաստանի տնտեսական բարեփոխումների՝ կառավարության օրակարգում ներդրումային բարեփոխումները շատ կարևոր դեր ունեն: «Իմ գնահատմամբ՝ ներկայացված առաջարկությունները լավագույնս համապատասխանում են մեր երկրի տնտեսական իրողություններին և կառավարության առաջնահերթություններին: Այս փաստաթղթից կառավարության ակնկալիքները մեծ են: Եվ դրա բարեհաջող իրականացնումը տալու է շոշափելի արդյունքներ՝ ապահովելով կառավարության 2021-2026 թթ ծրագրով նախանշված թիրախային ցուցանիշները»,-ասաց Քերոբյանը:

Քարտեզի մշակման ամբողջ գործընթացին մասնակցություն է ունեցել Էկոնոմիկայի նախարարությունը, շատ հարցեր ճշգրտվել, համապատասխանեցվել են կառավարության միջոցառումների ծրագրին: Ճանապարհային քարտեզը բխում է կառավարության միջոցառումների ծրագրից: Կառավարության միջոցառումների ծրագրով նախանշված է ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ հասցնել 25 տոկոսի, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ՝ 6 տոկոսի: «Այսօր 1.7 տոկոսի վրա ենք կանգնած, առջևում մեծ հնարավորություններ ունենք»,-ասաց Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ ճանապարհային քարտեզին համապատասխան կան մի քանի ուղղություններով աշխատանքներ՝ թե օրենսդրական, թե ներդրումային միջավայրը խթանելու կոնկրետ գործիքակազմի ներդրման միջոցով: «Կարծում ենք, որ սրա հաջորդ քայլն արդեն ճանապարհային քարտեզի ավելի հղկումն է, այն կառավարության որոշման տեսքի բերելը, որին կհաջորդի համապատասխան ներդրումային քաղաքականությունը: Հույս ունենք, որ կվերջացնենք աշխատանքը՝ «Ներդրումների մասին» նոր օրենքով, որը հուսով ենք՝ մինչև տարվա վերջ կունենանք»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը կարևորեց նաև ներդրումների խթանման գործակալությունների հզորացումը, դեսպանությունների աշխատանքը, կոմպլեքս աշխատանքի արդյունքում պետք է ձգտել, որ ներդրումները աճեն և հասնեն այն մակարդակին, որը նախանշվել է կառավարության միջոցառումների ծրագրով: Քերոբյանն իրատեսական է համարում 2024 թվականին այդ թիրախին հասնելը:

«Տեղական և արտասահմանյան գործարարները պետք է իրազեկված լինեն, որ մի շարք լուրջ փոփոխությունների, լիովին նոր մոտեցումների շնորհիվ գործարարությունը Հայաստանում դառնում է հարմար և ապահով, դյուրացվում են ընթացակարգերը, և ներդրումներն այստեղ լինելու են արդարացված և եկամտաբեր, օրենսդրական դաշտը՝ կանոնակարգված, վարչարարությունը՝ պարզ և արդար: Բոլոր հնարավորություններով ներդրումներն ու գործարարությունը Հայաստանում խրախուսվում է պետության կողմից»,-ասաց Քերոբյանը:  

Նախարարը նշեց՝ ստանալով ճանապարհային քարտեզը, իրենց համար բացվել է ավելի մեծ աշխատանքային դաշտ, սրանով սկսում են բարեփոխումները կյանքի կոչելու գործընթացը: