Իրականում ես կարծում եմ, որ Մադուրոյի բախտը խիստ բերեց: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«1. Չէ՞ որ նա կարող էր արժանանալ, ասենք, Քադաֆիի կամ Սադամի ճակատագրին։ Սակայն դա տեղի չունեցավ։ Փոխարենը նա կկանգնի ամերիկյան դատարանի առջև՝ ունենալով բոլոր այն իրավունքները, ինչ ունի ցանկացած այլ մեղադրյալ ամերիկյան հողի վրա։
- Հատկանշական է, որ նրա գործը քննվելու է Նյու Յորքի դատարանում։ Այդ նահանգում մահապատիժը արգելված է։ Ավելին՝ նրան առաջադրված են այնպիսի մեղադրանքներ, որոնց համար մահապատիժ չի կիրառվում։
- Նա ունի կյանքի և մարդկային արժանապատվության իրավունք, և նրա նկատմամբ չի թույլատրվում խոշտանգում, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք։
- Նրա դատավարությունը և պատժի կրումը լինելու է հանրային ուշադրության կենտրոնում, ինչը լրացուցիչ պաշտպանական մեխանիզմ է նշանակում նրա համար։
- Նրա համար դատավորին չեն զանգելու և ասեն, թե ինչ վճիռ կայացնի:
- Վերջիվերջո, նա Բաքվի բանտում հայտնված հայ չէ՝ դրա բոլոր ծանր հետևանքներով։
Հիմա, այսքանից հետո, դժվար է ասել՝ սա պայմանավորվածության արդյունք է, թե պարզապես նրա բախտը բերել է»,– նշել է նա։



