
Անչափահասների շրջանում բռնի հանցագործությունների տարածման կանխարգելման նպատակով ուսումնասիրվում է ատելության խոսքի և վերբալ ագրեսիայի ազդեցությունը, և մինչև սեպտեմբեր կառավարությանը կներկայացվի օրենսդրական առաջարկների փաթեթ։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետու ելույթի շրջանակում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց, որ այս տարի երկու հիմնական ուղղությամբ նախաձեռնվել է անչափահասների հանցավորության ուսումնասիրություն։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունները ցույց են տալիս, որ դրանք հաճախ ունեն վերբալ ագրեսիայի հետևանքով ձևավորված բռնային զարգացումներ։
«Դրանք խուլիգանական դրդումներով կատարված հանցագործություններ են կամ քրեական ենթամշակույթին բնորոշ վարքագծով պայմանավորված արդեն ֆիզիկական ագրեսիայի դրսևորումներ»,-նշեց Վարդապետյանը։
Նա շեշտեց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամների առաջարկով ուսումնասիրվում է նաև ատելության խոսքի և վերբալ ագրեսիայի ազդեցությունը բռնի հանցագործությունների տարածման վրա։
«Մինչև սեպտեմբեր խնդիր ենք դրել մեր առաջ այս ուղղությամբ ուսումնասիրությունն իրականացնել և կառավարությանը ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ»,-ասաց գլխավոր դատախազը՝ հավելելով, որ առաջարկվող փոփոխություններն ունենալու են կանխարգելիչ նշանակություն՝ հատկապես անչափահասների շրջանում բռնի հանցագործությունների ծավալների կրճատման համար։
Անդրադառնալով հանցավորության կանխարգելման ռազմավարությանը՝ Աննա Վարդապետյանը կարևորել է անչափահասների զբաղվածությունը։
«Ինչքան էլ տարօրինակ հնչի, անչափահասների հանցավորության կանխարգելման մասով կարևոր է նրանց զբաղվածությունը։ Կրթական ծրագրերին ու մարզական միջոցառումներին մասնակցությունն էականորեն նվազեցնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության նրանց ներգրավվածությունը»,-հավելեց գլխավոր դատախազը։
Նա նշեց, որ չնայած կան դեպքեր, երբ սպորտով զբաղվող անձինք ևս ներգրավվում են թմրամիջոցների գործածման մեջ, սակայն դրանք բացառություն են։