Հոկտեմբերի 27-ը մի ոճրագործություն է, որի չբա...

Այսօր՝ մայիսի 8-ն, Երկրապահի օրն է, ըստ ավանդույթի, պետք է գնայի Եռաբլուր, չեմ գնացել, որպեսզի  լսեմ տիկին դատախազի ելույթը, թե ինչ կա Հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված: Այս մասին ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Անձամբ ինձ հետաքրքրել են Ձեր մոտեցումները երկու կարևորագույն չբացահայտված գործերով՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1: Դուք ասացիք, որ դա մեր երկրի պատվի հարցն է, ճիշտ է, Հոկտեմբերի 27-ը մի ոճրագործություն է, որի չբացահայտումը ոչ մի լավ տեղ չի տանելու»,-ասաց նա

Պատգամավորը հիշեցրեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը՝ Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվեր հոկտեմբերի 28-ին:

«Այդ որդը պետք է մեզ չհոշոտի ամեն օր, մենք իրար մեջ պետք է թշնամիներ ման չգայինք: Ակնկալում էի, որ Հոկտեմբերի 27-ի հետ կապված պետք է հիշատակեիք ոչ թե նախաքննության գաղտնիքները, բայց բաներ կան, որ նախաքննության գաղտնիքին չեն առնչվում: Վերջին հաշվով ես այս հարցը ձեզ պետք է տայի, ոչ թե Աղվան Հովսեփյանին, ոնց եք պատկերացնում, եթե Աղվան Հովսեփյանը լինի դատախազ և իրեն հնչեցվի Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ հարց»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ հեղափոխությունից հետո Գլխավոր դատախազը Արթուր Դավթյանն էր և իրենց ակնկալիքներն էլի չեղան: «Հիմա երբ Դուք էիք նշանակվում միշտ այն պատկերացումն եմ ունեցել, որ երկրի առողջացման մեջ Գլխավոր դատախազի ինստիտուտն ամենակարևորն է: Կարևոր վկաների մեծ մասը մահացել են շատ տարօրինակ ձևով՝ մեկուսարանում, Էդիկ Գրիգորյանն այդպես էլ շատ լավ միջավայրում շարունակում է ցմահ մնալ մեկուսարանում, ի՞նչ եք կարծում տիկին դատախազ, եթե մեծ ուժեր չլինեին այս ամենի հետևում, այսպիսի տարօրինակ մահացության դեպքեր կլինեի՞ն: Այս հարցերն այնքան շատ պարարտ հող են տալիս բացահայտման համար»,- ասաց Քոչարյանը: 

Նա նորից ընդգծեց՝ Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ հոկտեմբերի 28-ին: «Այսօր 2025 թվականն է՝ Երկրապահի օրն է, չեմ գնացել՝ ի՞նչ պետք է ասեի ես Վազգեն Սարգսյանին՝ գերեզմանին նստելուց, խունկ վառելուց: Ես բավարարված չեմ, Դուք որևէ բառ Հոկտեմբերի 27-ից չեք ասել, մե՞զ էիք խնայում՝ ինձ չխնայեիք, Գագիկ Մելքոնյանին, Սեյրան Օհանյանին չխնայեիք:  Տվեք մեզ հեռանկարն օր առաջ 27-ի թեման փակելու, կարևորագույն վկաներ դեռ կան»,-ասաց պատգամավորը: