
Գերագույն ռադան վավերացրել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԲԿ Ուկրաինա» պարբերականը։
338 պատգամավոր կողմ է քվեարկել համաձայնագրին։ Դեմ ոչ ոք չի արտահայտվել։
Այսպիսով՝ մայիսի 8-ին խորհրդարանը վավերացրել է միջկառավարական համաձայնագիրը, որը թույլ կտա ստեղծել ներդրումային հիմնադրամ։
Մինչ այդ համաձայնագիրը հաստատվել էր Գերագույն Ռադայի հանձնաժողովների կողմից, իսկ նախարարների կաբինետը ներկայացրել էր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպիսիք են բացատրական գրությունը, համաձայնագրի տեքստը և գրանցումը։
Ուկրաինայի էկոնոմիկայի և առևտրի փոխնախարար Տարաս Կաչկան ավելի վաղ պարզաբանել էր, որ կան երկու լրացուցիչ տեխնիկական համաձայնագրեր, որոնք կողմերը կստորագրեն ավելի ուշ։ Սակայն դրանք Գերագույն ռադայում վավերացման կարիք չունեն։
2025 թ. ապրիլի 30-ին Կիևը և Վաշինգտոնը ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է ներդրումներ Ուկրաինայի վերականգնման համար հիմնադրամում, ինչպես նաև օգտակար հանածոների ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցություն։ Ըստ համաձայնագրի՝ Ուկրաինան պահպանում է լիարժեք սեփականության իրավունքը և վերահսկողությունն իր օգտակար հանածոների, տարածքային ջրերի և բնական պաշարների նկատմամբ։ Սակայն միևնույն ժամանկ Միացյալ Նահանգները հասանելիություն է ստանում դեպի Ուկրաինայի հանքային ռեսուրսներ: