Սպանություն, որը միավորում է Սարգսյանին և Փաշ...

«Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է «Ձկնկուլ» անունով հայտնի Արմեն Իսրայելյանը, ով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցագործություններ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ, և այդ հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործով առանցքային վկա: Հայաստանի ՀՔԾ-ն Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը ՀՔԾ-ի և ընդհանրապես ՀՀ իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է: Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը, և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ ՀՀ ԱԺ», – 2016 թվականի հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում հայտարարել էր այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Արմեն Իսրայելյանը, ինչպես հիշատակվում է Նիկոլ Փաշինյանի վերհիշատակված խոսքում, Սամվել Ալեքսանյանի աշխատակիցն էր։ Նա Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթին պատմել էր, որ հետապնդման է ենթարկվում Սամվել Ալեքսանյանի կողմից։ Ըստ Իսրայելյանի, ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավորը փորձում է խլել իրեն պատկանող գույքը. «Մեզանից ազատվելու համար, որ մնացածի աչքը վախենա, դիմեց նման քայլի: Ասեց՝ ինչ ունեք չունեք՝ պետք է վերցնեմ ձեզանից, ու վերցրեց: Ես ունեցել եմ ավտոլվացման կետ, վարսավիրանոց, հացի փուռ, ավտոտնակ և բնակարան, որը ստեղծել եմ ես՝ իր մոտ աշխատելով, բակներից փող վերցնելով: Ալեքսանյանն ասաց, որ դրանք պետք է տամ իրեն», – պատմել էր Արմեն Իսրայելյանը՝ նշելով, որ դրանից հետո իրեն մի քանի օր պահել են Ալեքսանյանի ընկերություներից մեկում։ Ղազարյանը խնդրել է, որ թողեն գնա տուն և սեփականության վկայականները բերի, և անվանափոխություն կատարի, սակայն ազատվելով հսկողությունից՝ մեկնել է Վրաստան, որտեղից էլ խոսել է Սամվել Ալեքսանյանի հետ՝ ասելով, որ կվերադառնա Հայաստան, սակայն Սամվել Ալեքսանյանը զգուշացրել է, որ սահմանը չանցնի, քանի որ իրեն իրավապահները կբռնեն։ Հաջորդ օրը վրացի իրավապահները Իսրայելյանին բերման են ենթարկում ոստիկանություն, որից հետո բերում հայ-վրացական սահման՝ հանձնելով հայ սահմանապահներին։ «Իրենք 15-20 րոպե պահելուց հետո անցկացնում են հայկական սահմանը և տալիս են ինձ ոստիկանության աշխատակիցներին: Իրենք ինձ դնում են իրենց մեքենայի մեջ, զանգահարում են ինչ-որ տեղ, որ ինձ թողեն: Իմ հետևից էլ Սամվել Ալեքսանյանն արդեն մարդ է ուղարկել, որ ինձ հետ բերեն: Իր ամենավստահելի հուդային, անունը հետո կասեմ: Զանգում են վերևներից, իրենց ասում են, որ տվեք այդ մարդկանց, ովքեր եկել են, թող տանեն: Ինձ տալիս են այդ մարդկանց, որոնց հետ գալիս եմ քաղաք», – Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթին պատմել էր Իսրայելյանը։

Իսրայելյանը իր հարցազրույցում բացահայտել էր ամբողջ սխեման, որով Ալեքսանյանը տարբեր հարցեր լուծելու համար առևանգել է տարբեր քաղաքացիների և պահել իրեն պատկանող շինություններում։ Իսրայելյանը եղել է Ալեքսանյանի համար մարդ առևանգողներից մեկը, և իր այս հայտարարությունները նաև ինքնախոստովանական ցուցմունքներ էին։

Այս հայտարարությունից հետո խորհրդարանում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Եթե չլիներ անձամբ Սերժ Սարգսյանի հովանավորությունը, երկուշաբթի օրը սկսվող արտահերթ նիստի օրակարգի առաջին հարցը պետք է լիներ Սամվել Ալեքսանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը, քանզի սրա համար լիուլի փաստեր տվել է պարոն Իսրայելյանը»։

Օրվա իշխանությունները Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու փոխարեն գնացին ձևական քրեական գործի հարուցման, որը ավելի շատ քողածածկույթ էր հանրային աղմուկի ֆոնին։ Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակցի այս հայտարարություններից հետո ՀՔԾ-ում մի քանի դրվագներով քրեական գործ հարուցվեց, բայց կարճ ժամանակ անց այդ գործը կարճվեց։

Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա գործի կարճվելուց կարճ ժամանակ անց Մոսկվայում վարձու մարդասպանը սպանեց Արմեն Իսրայելյանին և իրենց ուղեկցող ևս մեկ քաղաքացի։

Փաշինյանի ընտանիքին հարցազրույց տալու և Ալեքսանյանի հանցավոր գործունեության մասին բացահայտումներ արած Արմեն Իսրայելյանին սպանությունից մեկուկես տարի անց իշխանության եկավ այդ նույն Փաշինյանը, ով վստահ էր, որ Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ Հայաստանի իրավապահ համակարգը ծախու է և որ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը հովանավորում է Ալեքսանյանին, որը շարունակում է մնալ անձեռնմխելի։ 2018-ից Փաշինյանը հնարավորություն ուներ ապացուցելու, որ իրավապահ համակարգը ծախու չէ, իսկ ինքն էլ չի փոխարինել Սերժ Սարգսյանին որպես Սամվել Ալեքսանյանի հովանավոր։

Արդարության վերականգնման ճանապարհով գնալու փոխարեն Փաշինյանի իշխանությունը շարունակեց կոծկել այս գործը։ Նախ Փաշինյանը Politik.am-ի խմբագրի հարցին ի պատասխան 2018 թվականի ամռանը հայտարարեց, որ ինքը դատավոր չէ և չի կարող վճիռներ կայացնել, չնայած մինչ դատարան հասնելը գործը դեռ իր ենթակայության տակ գործող իրավապահ մարմինների ձեռքի տակ պետք է անցներ, իսկ հետո ընդհանրապես մոռացան այս գործի մասին։

Փաշինյանը ըստ էության ապացուցեց, որ իրավապահ համակարգը շարունակում է ծախու լինել, այդ թվում իր օրոք։ Նա նաև ցույց տվեց, որ Արմեն Իսրայելյանի սպանությունը միավորում է իրեն ու Սերժ Սարգսյանին։ Իսկ որ ամենակարևորն է՝ Փաշինյանը ցույց տվեց, որ իրեն հավատարիմ նախկիններին ներվում է ամեն ինչ, այդ թվում՝ սպանություն, որը տեղի է ունեցել հենց Փաշինյանի ընտանեկան թերթում հրապարակված հարցազրույցի պատճառով։

Ամփոփելով տեղին է հիշել Սամվել Ալեքսանյանի 2018 թվականից առաջ արված մի հայտարարություն. «Նիկոլ Փաշինյանը մեր հետ ա, բայց ուզում ա ցույց տա, թե մեր հետ չի: Թող իզուր իրան չճղի։ Ես կարամ ասեմ, որ ինքը մեր ախպերն ա», – ասել էր Ալեքսանյանը։ Երիցս ճիշտ էր նա՝ Փաշինյանն իրենց՝ օլիգարխների, այդ թվում սպանությունների հետևում կանգնած օլիգարխների ախպերն է։