
Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Դեսիսլավ Տասկովը հայտարարություն է տարածել Սոցիալիստական կուսակցության անունից՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:
«Ապրիլի 24-ին հիշատակում ենք Օսմանյան կայսրության կողմից մեկուկես միլիոն անմեղ հայերի դեմ իրականացված զանգվածային բռնաճնշումների տարելիցը։
110 տարի առաջ՝ 1915 թվականի ապրիլի 24-ի երեկոյան սկսվեցին զանգվածային ձերբակալությունները։ Մեկ ամսում հարյուրավոր հայեր՝ ներառյալ լրագրողներ, գրողներ, բանաստեղծներ ու պատգամավորներ, արտաքսվեցին ու սպանվեցին ճանապարհին։
Այնուհետև, օսմանյան իշխանությունները ձեռնարկեցին հայ բնակչության զանգվածային տեղահանություն, որին հաջորդեց համակարգված սպանությունների արշավը: Այն սակավաթիվ փրկվածները, որոնք կարողացան հասնել Սիրիական անապատի համակենտրոնացման ճամբարներ, մահացան սովից ու ծարավից։ Ի վերջո, զոհերի թիվը կազմեց ավելի քան մեկուկես միլիոն՝ ներառյալ կանայք, տղամարդիկ և երեխաներ, որոնք անհետացան այն հողից, որտեղ բնակվել էին ավելի քան երկու հազար տարի:
Մենք պարտավոր ենք հիշել պատմության դառը դասերը, մեր պարտքն է դատապարտել ոճրագործներին և արդարություն ապահովել զոհերի համար։
Միջազգային հանրությունն այդ ժամանակ չկարողացավ կանխել բռնությունը հայ ժողովրդի նկատմամբ՝ մեծ մասամբ կանխարգելիչ մեխանիզմների բացակայության և այն ժամանակվա միջազգային կարգի ճգնաժամի պատճառով։
Այսօր՝ 110 տարի անց, և՛ միջազգային հանրությունը, և՛ Բուլղարիայի Հանրապետությունը պարտավոր են ճանաչել և արձագանքել մարդկության դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործությանը։ Մենք չենք կարող անպատժելի հանցագործությունները, հատկապես մարդու հիմնարար իրավունքների դեմ, անտարբերության շղարշով ծածկել, քանի որ դա հանգեցնում է դրանց կրկնությանը։ Ավելի քան մեկ դար է անցել Ցեղասպանությունից, բայց մենք չենք կարող և բացարձակապես չպետք է մոռանանք նման ողբերգությունները։ Պատմության մութ էջերը մոռացության մատնելը ծնում է դրանց կրկնությունը։ Հիշողությունը մարդկության դեմ բարբարոսության և դաժանության հակաթույնն է, իսկ հիշելը՝ պարտավորություն։
Ուստի, ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հույս ենք փայփայում, որ անցյալի տառապանքներից մարդկանց և ժողովուրդների միջև կծնվի խաղաղության ու փոխըմբռնման ապագա:
Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությանը և հույս ունենք, որ բանակցությունները, ի վերջո, հաջողությամբ կպսակվեն, որպեսզի բացվի Եվրոպայի վերջին փակ սահմանը, և երկու հարևան ժողովուրդները կարողանան ապրել խաղաղ ու բարգավաճ տարածաշրջանում։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք համերաշխություն ենք հայտնում Բուլղարիայում ապրող բոլոր հայերին, մասնավորապես Բուլղարիայի հայկական միություններին ու կազմակերպություններին։ Մենք՝ բուլղարացիներս, հպարտ ենք, որ կարողացել ենք փրկվածներին պատսպարել մեր հյուրընկալ հողում, նրանց ապրելու և ստեղծագործելու հնարավորություն տալ։ Եվ հենց այս մարդկանց հետնորդներն են, որ այսօր կազմում են բուլղարահայ ծաղկուն և լավ ինտեգրված համայնքի կորիզը, որն արժեքավոր ներդրում է ունեցել մեր երկրի զարգացման և բարգավաճման գործում:
ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ»,- նշված է հայտարարության մեջ։