
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը:
Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, նոր ռազմավարությամբ առաջարկվում է 6 հիմնական գերակայություն: Առաջին գերակայության ջանքերն ուղղվելու են պետական քաղաքականության և կառավարման ոլորտներում գենդերային հավասարության ապահովմանը, գենդերազգայունության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես՝ մասնակցային, ներառական ու հասանելի քաղաքական դաշտ ապահովելուն: Երկրորդ գերակայության շրջանակում նախանշված միջոցառումներն հիմնականում ուղղված են լինելու աշխատաշուկայի, զբաղվածության, տնտեսական զբաղվածության, տնտեսության ոլորտում գենդերազգայուն մոտեցումների խրախուսմանը, աշխատուժի սեռային խզվածքի նվազեցմանը և այլն: Երրորդ գերակայությամբ սահմանված նպատակներն ու գործունեությունը միտված են լինելու կրթության և գիտության ոլորտում կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցության, ներկայացվածության խթանմանն ու գենդերային խզվածքի նվազեցմանը: Չորրորդ գերակայությունը առողջապահության ոլորտում կանանց ու տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովելումն է: Հինգերորդ գերակայության ներքո գործողություններն ուղղված են լինելու են ընտանեկան և գենդերային հիմքով բռնությունից զերծ, առավել ապահով ու անվտանգ միջավայր ներդնելուն՝ կանխելու կանանց ու աղջիկների գենդերային հիմքով բռնությունը: Վեցերորդ՝ նոր գերակայությունն ուղղվելու է կլիմայի փոփոխության նկատմամբ գենդերազգայուն ու գենդերաարձագանքող մոտեցումների ձևավորմանը: Փոխնախարարի խոսքով՝ այս գերակայության ներքո այս էտապում բոլոր ջանքերն ուղղված են լինելու կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային և սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանմանը, հետազոտությունների իրականացմանը և գենդերաարձագանքող մոտեցումների ներդրման շրջանակի փորձարկմանը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեմային տարբեր ձևաչափերով բազմիցս անդրադարձ է կատարվել և ընդգծել՝ Կառավարության նպատակադրումը հստակ է. մեր հանրության ներուժը պետք է մաքսիմալ ներառվի երկրի զարգացման օրակարգերում՝ բոլոր ուղղություններով: Վարչապետը նշել է, որ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են և ընդգծել կանանց ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը:
Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ աշխատանքի որոշ ոլորտներում հիմնականում կանանց ներգրավվածությունը վկայում է երկրում առկա խորը խնդիրների մասին, որոնք պետք չէ թերագնահատել: Վարչապետի խոսքով՝ այդ խնդիրների հսկայական հատվածը կապված է քրեական ենթամշակույթի ազդեցությամբ մեր իրականության մեջ տղաների աշխարհընկալմամբ: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աղջիկների՝ կրթության ոլորտում նկատելի ակտիվությանը և մտավախություն հայտնել, որ այդ առավելությունը վերոնշյալ երևույթի պատճառով է, և որ տղաների անբնական պասիվությունը քրեական ենթամշակույթի բերումով է: Վարչապետն ընդգծել է՝ այստեղ էլ քաղաքականություն մշակելու անհրաժեշտություն կա, այն է՝ ինչպես անել, որ տղաներին մոտեցնել գիտելիքին, կրթությանը: