Գյումրու ընտրություններում Վարդան Ղուկասյանի՝ Դոգի, չմասնակցությունը իշխանությունների համար լուրջ հարված եղավ։ ՔՊ-ում ընտրություններից հետո քննարկել են այս հարցը. եթե Դոգը մասնակցեր, ապա իրենք հնարավորություն կունենային իր ավագանիներին տանելով՝ վերցնել քաղաքապետի պաշտոնը, ինչպես 2023 թվականին արեցին Երևանի ավագանու ընտրություններից հետո։
Ըստ որոշ տեղեկությունների՝ իշխանության ներսում ոմանք փոշմանել են, որ հենց Գյումրու ընտրություններից առաջ նպաստեցին ԱՄՆ-ում Դոգի կալանավորմանը. «Դոգը կամ առնվազն իր ավագանիները կարող էին մեզ օգտակար լինել», – ասաց իշխանական մեր աղբյուրներից մեկը։
Հետագայում ՔՊ-ում եկել են այն եզրահանգման, որ Դոգի մասնակցությամբ իրենք երկու հարց կլուծեին՝ կկարողանային ընդդիմությունից ձայներ գողանալ և Դոգի միջոցով այլանդակ կերպով թիրախավորել ընդդիմության հիմնական թեկնածուներին։
Հիմա, ըստ մեր աղբյուրների, իշխանության ներսում ճանապարհներ են փնտրում՝ համապետական ընտրություններից առաջ Դոգի հետ նոր պայմանավորվածություն ձեռք բերելու շուրջ։ Իշխանությունները կարող են Դոգի արտահանձնման պահանջը հետ կանչել, որի դիմաց նա համապետական ընտրություններում կստանձնի ՔՊ-ի հետընտրական սատելիտի դերը, որը, ինչպես ցույց տվեցին Գյումրու ընտրությունները, այլևս չեն կարող կատարել եվրոպամետ ուժերը։
Կկայանա՞ գործարքը, թե՞ ոչ՝ ցույց կտա ժամանակը։



