Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։
«Օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է:
Մարդկանց բռնի անհետացումը միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված մի շարք իրավունքների խախտում է։
Բռնի անհետացած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորման հարցը մեզ համար էլ շարունակում է արդիական մնալ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս տարիների ընթացքում հավաքագրել և միջազգային տարբեր դերակատարներին է ներկայացրել Ադրբեջանի իշխանությունների կողմից էթնիկ հայերի իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում՝ բռնի անհետացած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքների խախտումների տեսանկյունից։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունն իմ գործունեության առաջնահերթություններից է։
Թե՛ ես, թե՛ իմ աշխատակազմը պարբերաբար հանդիպումներ ենք ունենում անհայտ կորած անձանց հարազատների հետ․ խնդիրները տարբեր ձևաչափերով ներկայացվում են միջազգային դերակատարներին և ներպետական իրավասու տարբեր մարմիններին։
Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ պետությունը կրում է պարտականություն՝ գործադրելու միջազգային իրավունքում առկա կառուցակարգերն ու շարունակելու իր ջանքերը՝ ուղղված անհայտ կորած բոլոր անձանց ճակատագրերը պարզելուն և նրանց ընտանիքների անդամների իրավունքների ապահովմանը»:



