ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը բուժում է ստանում մետաստատիկ քաղցկեղից, սակայն նա նկատելիորեն թուլացել է։ Այս մասին հայտնում է Washington Post պարբերականը՝ հղում անելով Բայդենին մոտ կանգնած աղբյուրներին։
2025 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Բայդենը շագանակագեղձի քաղցկեղի բուժման շրջանակում ճառագայթային և հորմոնալ թերապիայի կուրս է անցել։
«Սպիտակ տնից հեռանալուց 18 ամիս անց 83-ամյա նախկին նախագահը շփվում է հարազատների, հին ընկերների ու վաղեմի օգնականների նեղ շրջանակի հետ՝ միևնույն ժամանակ բուժում ստանալով մետաստատիկ քաղցկեղից։ Բուժումը, կարծես թե, ազդում է, սակայն հիվանդությունն ու դրա հետևանքները նրան նկատելիորեն թուլացրել են», — ասվում է հրապարակման մեջ։
Ըստ պարբերականի՝ Բայդենի մերձավորները նշում են, որ հիվանդությունը կաշկանդել է նրա հետնախագահական կյանքը, իսկ առօրյան այժմ հիմնականում պտտվում է բուժման, ընտանիքի և սեփական քաղաքական ժառանգությունն ամփոփելու շուրջ։



