ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել Է ՆԱՏՕ-ի երկրների որոշումը՝ ևս մեկ տարով երկարաձգել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի լիազորությունները: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ջո Բայդենի հայտարարությունը:
«Ես ողջունում եմ, որ ՆԱՏՕ-ն ևս մեկ տարով կերկարաձգի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի պաշտոնավարման ժամկետը: Ես հույս ունեմ հաջորդ շաբաթ Վիլնյուսի գագաթնաժողովում շարունակել աշխատանքը նրա հետ դաշինքի հետագա ամրապնդման ուղղությամբ», -ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ Սթոլթենբերգի փորձի և խոհեմության շնորհիվ դաշինքը հաղթահարել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպական անվտանգության ամենալուրջ դժվարությունները:
«Այսօր դաշինքն ավելի ամուր է, համախմբված և նպատակասլաց, քան երբևէ»,-հավելել Է Բայդենը: