ԱԺ-ն քննարկեց ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություննե...

Հայաստանում 2015 թվականից 2022 թվականի նոյեմբերի 8-ը հարկային արտոնություն է ստացել 2304 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն. կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն էր ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերին, ուժի մեջ է մտնել 2015-ի հունվարին: Այդ ժամանակ հարկային արտոնությունների գործողության ժամկետը սահմանվել է 2020թ հունվարի 1-ը: 2019-ի ապրիլի 23-ին կատարված փոփոխությունների համաձայն՝ արտոնությունների գործողության ժամկետը սահմանվել է 2022 թ դեկտեմբերի 31-ը:

«Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը երկարաձգել ևս մեկ տարով՝ նախատեսելով, որ հավաստագրերի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2023 թ դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նախագծով նախատեսվում են նաև համապատասխան իրավական հիմքեր, լիազորող նորմեր ստեղծել՝ ոլորտի համար պետական աջակցության նոր ծրագրեր իրականացնելու համար»,-ասաց փոխնախարարը:

Օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ: 2015 թվականից մինչև այս տարվա նոյեմբերի 8-ը հարկային արտոնություն է ստացել 2304 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն: 

Ըստ նախագծի հիմնավորումների՝ 2022 թվականն աննախադեպ է դիմումների եւ տրամադրված հավաստագրերի քանակով: Եթե 2015-2021թթ. ընթացքում հարկային արտոնություն ստանալու հավաստագիր է ստացել 1074 կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր), ապա միայն 2022թ. նոյեմբերի 8-ի դրությամբ հավաստագրված կազմակերպությունների թիվը 1230 է, որից 1105-ի հիմնադիրներն այլ երկրների քաղաքացիներ են: