
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր՝ Սինգապուրի Հանրապետությունում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գլխավոր ժողովում, ընտրվել է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ: Այս մասին հայտնում են Դատախազությունից:
Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է: Այն կազմված է Նախագահից, փոխնախագահներից և 20 անդամներից:
ՀՀ գլխավոր դատախազությունը ԴՄԱ-ին անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից, իսկ որպես Գործադիր կոմիտեի անդամ՝ առաջադրվել էր առաջին անգամ:
Ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին և նպատակ ունի աջակցել դատախազներին ամբողջ աշխարհում՝ խթանելու իրավունքի գերակայությունը և ապահովելու մասնագիտական վարքագծի վերաբերյալ ԴՄԱ չափանիշների լիարժեք կիրառումը։
Նշենք, որ Դատախազների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին մասնակցելու համար Սինգապուրի Հանրապետություն են ժամանել շուրջ 450 մասնակիցներ՝ աշխարհի 80 երկրներից: