
ՀՀ ԱԺ սեպտեմբերի 9-ի նիստում քննարկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու:
Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը հակիրճ ներկայացրել է պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Արա Նռանյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին իր թեկնածությունն առաջադրելու համար:
Ունենալով հանձնաժողովում աշխատանքային համապատասխան փորձառություն՝ Արա Նռանյանը ելույթում անդրադարձել է այն ոլորտներին եւ աշխատանքներին, որոնք գտնվում են իր համակարգման տիրույթում: Դրանք են՝ վերականգնվող էներգետիկային առնչվող խնդիրները, Եվրասիական տնտեսական միության շրջանակում իրականացվող աշխատանքներն ու հանձնաժողովի մասնակցության ապահովումը, սպառող-մատակարար հարաբերություններին վերաբերող իրավակարգավորումները, ինչպես նաեւ հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքների հետ կապված աշխատանքները: Անդրադառնալով վերականգնվող էներգետիկայի հետագա զարգացմանն ուղղված քայլերին, առկա խնդիրներին՝ թեկնածուն ընդգծել է, որ խնդիրների լուծումը պահանջում է բոլոր մարմինների եւ կառույցների համատեղ ու փոխլրացնող աշխատանք: Նա մանրամասն խոսել է արեւային կայանների աշխատանքի տեխնիկական կարգավորման բացակայության, արեւային էներգետիկայի զարգացման հեռանկարներն ապահովելու, էներգետիկ անվտանգությունը բարձրացնելուն ուղղված քայլերի, էներգատար արտադրությունների զարգացման, սակագնային քաղաքականության, պանելների կուտակիչ թափոնների կառավարման մասին: «Պետությունը եւ տնտեսությունը պետք է գործեն միջազգային տարածքային, ենթակառուցվածքային զարգացման տրամաբանության մեջ, որտեղ իրենց տեղն են գտնելու նաեւ այս համակարգը կարգավորող ընկերությունների հետ կապված խնդիրների լուծումները»,- նշել է Արա Նռանյանը:
Զեկուցողն անդրադարձել է նաեւ հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքների ուսումնասիրությանը՝ նշելով, որ 2024 թվականին ստացվել է 4068 դիմում, 2025 թվականի առաջին կիսամյակում՝ արդեն 1363 դիմում:
Վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններով: