
Մեծամասնությամբ ՔՊ խմբակցության կողմից ձևավորված Սահմանադրական դատարանն ապացուցել է իր բազմաթիվ ոչ Հայաստանի շահերից բխող վարքագիծը, բայց այն ինչ կատարվեց վերջերս ուղղված էր ոչ միայն ընդդիմության դեմ, ոչ միայն Հայաստանի Հանրապետության դեմ, նաև հենց այս մեծամասնության դեմ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Ուրեմն, հուլիսի 11-ին օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված հնարավորությունից, Ազգային ժողովի առնվազն մեկ հինգերորդ պատգամավորներով դիմել ենք Սահմանադրական դատարան էներգետիկայի մասին օրենքի և հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխությունների հարցը վիճարկելու համար։ Ըստ սահմանադրության, սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի և աշխատակարգի նախատեսված է առավելագույնը 30 օր ժամկետ, որպեսզի դիմումի ընդունելու կամ մերժելու վերաբերյալ որոշում լինի։ Անշուշտ նախատեսված է նաև հնարավորություն, որ եթե անհրաժեշտություն կա երկարացնելու հարցի ուսումնասիրությունը, ապա աշխատակարգային որոշում պետք է լինի։ 42–րդ օրը, տեսնելով, որ չկա, դիմել եմ որպես պատգամավորների ներկայացուցիչ ՍԴ՝ պահանջով, որ ներկայացնեն տեղեկատվություն, ի՞նչ է կատարվում։
Երեք օրից լրանալու է երկու ամիսը այս դիմումի ներկայացման, առ այս պահը ոչ մի արձագանք, ոչ մի ծպտուն։ Սա ոչ այլ ինչ է, քան Սահմանադրական դատարանի դատավորների կողմից Սահմանադրական արդարադատությունից Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունների հրաժարման վերաբերյալ բացահայտ անգործություն։
Սրա պատասխանատուն նաև դուք եք, հարգելի մեծամասնություն, և մենք չենք կարող հանդուրժել այսպիսի վարքագիծը։ Սա ոչ միայն հստակ Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված էթիկայի կանոնների խախտում է, վարքագծի կանոնների խախտում է, սա առերևույթ նաև հանցագործություն պարունակող վարքագիծ է։
Ի՞նչ է նշանակում առհամարել սահմանադրության և օրենքի պահանջները, չարձագանքել օրենքով նախատեսված կարգով ներկայացված դիմումին։ Սա՞ է արդյոք սահմանադրական արդարադատության և առհասարակ արդարադատության վերաբերյալ ձեր պատկերացումները։ Ես ակնկալում եմ նաև ձեր մասնակցությունը այս հարցին, որպեսզի ի վերջո Սահմանադրական դատարանը կատարի Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը»,– հայտարարեց նա։