Մենք կերկարաձգենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը եւ արգելք կներդնենք դրանց վաճառքի վրա՝ անկախ նրանից, թե երբ են դրանք ներմուծվել: Այս մասին ապրիլի 29-ին Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
Նման միջոցառումների անհրաժեշտությունը, նրա խոսքով, պայմանավորված է նրանով, որ Հայաստան շրջանցիկ ճանապարհներով թուրքական ապրանքներ են ներմուծվում: «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր տնտեսությունն առավելագույնս պաշտպանված լինի թուրքական ապրանքների ներմուծման բացասական ազդեցությունից: Սակայն տնտեսությունը պետք է այնքան ուժեղանա, որ կարողանա դիմակայել ճնշմանը, եթե սահմանները երբեւէ բացվեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում թուրքական ապրանքների ներմուծման արգելքը մտցվել էր 2021 թվականի սկզբին: