Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը Տեր Արամ Ասատրյանի կարգալույծ լինելու մասին, հայտարարել է, որ եթե առաջնորդվենք նույն տրամաբանությամբ, ապա «Կանոնագիրք Հայոց»-ի համաձայն՝ Կտրիճ Ներսիսյանը ևս չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, քանի որ դրժել է կուսակրոնության ուխտը և այդ փաստի բերումով ինքը ևս կարգալույծ է։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Փաշինյանի այս մեկնաբանությունը, որքան էլ ձևակերպված է եկեղեցական բառապաշարով, ըստ էության հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածին, որը հստակ սահմանում է․
«Եկեղեցին առանձնացված է պետությունից»։
Այդ դրույթից բխում է, որ պետական պաշտոնյան չի կարող մեկնաբանել Եկեղեցու կանոնները կամ միջամտել հոգևոր կարգապահական որոշումներին։
Կաթողիկոսի կամ որևէ հոգևորականի կարգավիճակը պետական իրավասության հարց չէ, այլ՝ Եկեղեցու ներքին ինստիտուցիոնալ որոշում, որը պետությունը պարտավոր է հարգել՝ անկախ քաղաքական կամ անձնական համակրանքներից։
Փաշինյանը, մեկնաբանելով Եկեղեցու հայտարարությունները և ներկայանալով Հովհաննավանքում որպես քաղաքական դերակատար, հակահայրապետական լարվածությունը վերածում է պետական քաղաքականության։
Այսօր Հովհաննավանքը դարձել է ոչ թե հավատքի միավորման վայր, այլ՝ հակաեկեղեցական որջ, որտեղ ձևավորվում է պետական իշխանության կողմից հովանավորվող «այլընտրանքային հոգևոր օրակարգ»։
Այդ քայլով Փաշինյանը նպաստում է Եկեղեցու ինստիտուցիոնալ ապամոնտաժմանը և նրա միասնականության կործանմանը։
Երբ իշխանությունը հատում է սահմանները և ներխուժում է Եկեղեցու տիրույթ, վտանգի տակ է հայտնվում ոչ միայն հոգևոր կառույցը, այլև՝ պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը։
Եկեղեցու գործերին միջամտությունը պետության արժեզրկման սկիզբն է»,- գրել է նա:



