«Գործադիր իշխանությունը խափանեց դատական իշխանության համակարգի աշխատանքը՝ թույլ չտալով դատավորներին մուտք գործել դատարանններ, և այս ամենը տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո: Այսուհետև կսկսի գործել չգրված օրենք՝ երկրորդ նախագահի հետ առնչվող դատական գործընթացը արդեն դիտվելու է որպես քաղաքական գործընթաց»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով այսօր Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների շրջափակմանը:
Խոսելով երկրորդ նախագահի գործի մասին, Բադալյանը նշեց.«Եթե սկզբում այն զուտ իրավական գործընթաց էր՝ քաղաքական երանգներով, ապա այժմ վերածվում է քաղաքական գործընթացի՝ իրավական երանգներով: Այսինքն՝ փոխվեց փիլիսոփայությունը: Այլևս չեն կարող ապացուցել, թե երկրորդ նախագահի հետ կապված որոշումները քաղաքական չեն, քանի որ կա ճնշում դատական համակարգի վրա: Այսուհետ ինչ որոշում էլ լինի, քաղաքական է ընկալվելու»:
Հնարավոր հետևանքների մասին խոսելով՝ Արմեն Բադալյանը նշում է. «Մենք կարող ենք ասել, որ ստեղծվում է մի նախադեպ, երբ որևէ դատական պրոցես լինի՝ նույնիսկ ոչ քաղաքական երանգավորմամբ, մարդիկ ոչ թե դատական համակարգին են հավատալու, այլ փորձելու են դուռ գտնել դեպի վարչապետը կամ իր մերձավոր շրջապատը՝ իրենց համար ցանկալի որոշում ընդունելու համար: Կարծում եմ՝ միջազգային կառույցները ևս իրենց կարծիքը կարտահայտեն՝ ոչ դրական տեսանկյունից: Միաժամանակ կարող ենք ասել, որ դատական համակարգն այսուհետև բոլոր տեսակի գործերով արդեն իր օբյեկտիվությունը դադարելու է պահպանել, և դատավորները, շատ դեպքերում, հնարավոր է՝ առաջնորդվեն ժողովրդի ցանկությամբ և ոչ թե սահմանադրությամբ: Ի դեպ, ժողովուրդ ասելով նկատի չունեմ ողջ ժողովրդին. կարող է մի 50 հոգի գոռան, և այդ 50 հոգին ընկալվեն որպես ժողովուրդ, և նրանց ցանկությամբ ինչ-որ գործընթաց տեղի ունենա:
Վարչապետն իր ելույթում նաև տեսակետ հնչեցրեց, որ այն դատավորները, որոնց կայացրած վճիռները ՄԻԵԴ-ում բողոքարկվել և չեղյալ են համարվել, պետք է հրաժարական տան: Սա նշանակում է, որ այսուհետև դատավորները առաջնորդվելու են ոչ թե խղճով ու սահմանադրությամբ, այլ հիմք ընդունելով այն մտայնությունը, թե ՄԻԵԴ-ն ինչպես կընդունի որոշումը: Սա տանում է արդարադատության համակարրգի վերացման»,-ասաց քաղաքագետը:
Բադալյանն ընդգծեց նաև, որ դատարանների շրջափակմանը խիստ սակավաթիվ մարդիկ են մասնակցել.«Երբ համեմատում ենք անցյալ տարվա նմանատիպ գործընթացների հետ, տարբերությունն ակնհայտ է: Սա նշանակում է, որ հասարակության կողմից վարչապետի այս կոչն այնքան էլ չընդունվեց: Միևնույն ժամանակ սա ցույց է տալիս վարչապետի՝ օրեցօր անկում ապրող վարկանիշը»:
Մարիամ Սարգսյան



