Օրվա ընթացքում մենք քննարկել ենք, թե ինչպես պետք է ժողովրդավարությունները պայքարեն հիբրիդային սպառնալիքների դեմ։ Այդ մասին մայիսի 4-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարության ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը շարունակում է առաջ մղել նախաձեռնություններ, որոնք ուղղված են ներառական կապերի ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ավելի լայն խթանմանը։ Գագաթնաժողովը վերահաստատել է, որ Եվրոպական քաղաքական համայնքը ոչ միայն երկխոսության ձևաչափ է, այլև վստահության ամրապնդման և գործընկերների հետ առավել համակարգված ու հեռանկարային եվրոպական օրակարգ ձևավորելու համար նախատեսված հարթակ։ Ես համոզված եմ, որ երևանյան քննարկումները կշարունակվեն նաև այս գագաթնաժողովից հետո՝ նպաստելով ողջ մայրցամաքի հետագա համագործակցությանը և փոխըմբռնմանը։ Կցանկանայի օգտվել առիթից և հաջողություն մաղթել Իռլանդիայի վարչապետ Մարտինին՝ որպես Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալող երկրի ղեկավարի, այս հզոր թափն ու սիներգիան պահպանելու գործում։ Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում թե՛ տեղական, թե՛ միջազգային զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ովքեր նշանակալի ավանդ են ներդրել այս կարևոր իրադարձության լուսաբանման գործում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, նախագահ (Եվրոպական խորհրդի) Կոշտա՛, Երևանում այս պատմական գագաթնաժողովի անցկացմանն ու կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար»,- նշել է Փաշինյանը։



